Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Նոր ուսումնական տարին սովորաբար կապում ենք նոր գիտելիքների և մասնագիտական կարողությունների ձեռքբերման հետ։ Սակայն համալսարան կամ քոլեջ մտնելով՝ ուսանողը ձևավորում է նաև մեկ այլ կարևոր արժեք՝ իր ապագա մասնագիտական միջավայրը։
Այսօր ձեր կողքին սովորող ուսանողը վաղը կարող է դառնալ ձեր գործընկերը՝ այն մարդը, որի հետ միասին խնդիր եք լուծելու, որոշում կայացնելու, նախագիծ իրականացնելու կամ զարգացնելու ձեր մասնագիտական ոլորտը։ Դասախոսներն էլ միայն գիտելիք փոխանցողներ չեն․ նրանք այն մասնագիտական համայնքի ներկայացուցիչներն են, որի լիարժեք անդամը դուք պատրաստվում եք դառնալ։
Հետևաբար կրթությունը միայն անհատական ճանապարհ չէ։ Այն նաև հնարավորություն է սովորելու կիսվել գիտելիքով, հարցեր տալ, լսել մյուսին, քննարկել, համագործակցել և համատեղ լուծումներ գտնել։
Այսօր այդ միջավայրի մաս է նաև արհեստական բանականությունը։ Այն կարող է աջակցել վերլուծությանը, որոշումների կայացմանը և ստեղծագործական մտածողությանը, բայց չի նվազեցնում մարդու դերն ու պատասխանատվությունը։ Խնդիրը շարունակում է մնալ ձեր խնդիրը․ դուք եք այն ձևակերպելու, գնահատելու հնարավոր լուծումները և պատասխանատվություն կրելու արդյունքի համար։
Հենց այստեղ է կարևոր համակարգային մտածողությունը՝ կարողանալ տեսնել խնդիրը մարդկանց, գործընթացների և տեխնոլոգիաների փոխկապակցված համակարգում։
Սիրելի՛ ուսանողներ,
Նոր ուսումնական տարում փորձեք ձեր շուրջը տեսնել ոչ միայն լսարաններ, առարկաներ և առաջադրանքներ, այլև այն մարդկանց, որոնց հետ գուցե տարիներ անց շարունակեք աշխատել։ Սովորեք միասին մտածել, հարցեր տալ, քննարկել, կիսվել և ստեղծել։
Մասնագիտական հաջողությունը ձևավորվում է համակարգում՝ մարդկանց, գիտելիքի և տեխնոլոգիաների արդյունավետ փոխգործակցությամբ։
Թող նոր ուսումնական տարին դառնա միասին սովորելու, համագործակցության մշակույթ ձևավորելու և վաղվա պատասխանատու ու նախաձեռնող մասնագետը դառնալու ևս մեկ կարևոր քայլ։
Շնորհավոր Սեպտեմբերի 1։
Ռուբեն Թոփչյան
ՈԱԱԿ տնօրեն