2026 թվականի մարտի 4-ին կայացել է Ակադեմիական ազնվության գլոբալ ցանցի (GAIN) միջազգային համագործակցային հարթակի 15-րդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ակադեմիական ազնվության ապահովմանն առնչվող մի շարք արդիական հարցեր։
Կրթության որակի ապահովման կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՈԱԱԿ ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես է եկել Ավստրալիայի Բարձրագույն կրթության որակի գնահատման գործակալության (TEQSA) ներկայացուցիչ Լենկա Ուցնիկը։
Հանդիպման ընթացքում Սուոնսի համալսարանի պրոֆեսորներ Մայքլ Դրեյփերը և Ֆիլ Նյուտոնը ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները՝ անդրադառնալով անվերահսկելի առցանց քննությունների անցկացմանը։ Նրանց ներկայացմամբ՝ նման գնահատման ձևաչափերը միշտ չէ, որ ապահովում են գիտելիքների ճշգրիտ և հավաստի գնահատում և կարող են մեծացնել ակադեմիական ազնվության խախտումների ռիսկերը։
Օրակարգի շրջանակում քննարկվել են նաև ոլորտում իրականացվող նախաձեռնությունները և միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս թեմայի շուրջ ներկայացմամբ հանդես է եկել Իռլանդիայի Որակի և որակավորումների կառույցի (QQI) ներկայացուցիչ Լաուրա Ֆլինը։
Հանդիպման ավարտին մասնակից կազմակերպությունները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ համատեղ ջանքերով պաշտպանելու ակադեմիական ազնվությունը, կանխելու անբարեխիղճ գործունեությունը և ամրապնդելու կրթության որակը միջազգային մակարդակում։