Ապրիլի 30-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ աշխատաժողով՝ գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների որակի ապահովման ներքին խմբերի մասնակցությամբ։ Քննարկման առանցքում SWOT վերլուծությունն էր՝ որպես ինքնավերլուծության և որակի ապահովման գործիք։
ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրին SWOT վերլուծության արդյունավետ կիրառման սկզբունքները՝ ընդգծելով, որ այն պետք է լինի համակարգված, ապացույցահեն և հիմնված տվյալների վրա։ Նշվեց, որ SWOT վերլուծությունը չի կարող սահմանափակվել ընդհանուր դիտարկումներով կամ կարծիքներով․ յուրաքանչյուր պնդում պետք է հիմնավորվի քանակական և որակական տվյալներով, ներքին և արտաքին գնահատումների արդյունքներով, շահակիցների արձագանքներով և այլ վերլուծություններով։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև SWOT վերլուծության կիրառման գործնական մոտեցումները հավատարմագրման գործընթացում՝ մասնակիցներին ներկայացնելով, թե ինչպես կարելի է դրա միջոցով բացահայտել հաստատության ուժեղ և թույլ կողմերը, գնահատել առկա ռիսկերն ու զարգացման հնարավորությունները և այդ հիմքով պլանավորել բարելավման գործողություններ։
Հաջորդ հանդիպմանը ՄԿՈՒ հաստատությունները կներկայացնեն իրենց SWOT վերլուծությունները՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման «Կրթական ծրագրեր» չափանիշի շրջանակում՝ հիմնվելով կոնկրետ տվյալների և ապացույցների վրա։ Ներկայացված վերլուծությունները կքննարկվեն, իսկ ՈԱԱԿ-ը մասնակից հաստատություններին կտրամադրի մասնագիտական հետադարձ կապ՝ հետագա բարելավումների նպատակով։