Մայիսի 14-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը՝ գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների որակի ապահովման ներքին խմբերի մասնակցությամբ։
Մասնակիցները երեք աշխատանքային խմբերով քննարկեցին կրթական ծրագրերի SWOT վերլուծությունները՝ փորձելով դրանք դարձնել առավել խորքային, տվյալահենք և բացահայտել ծրագրերի իրական կարիքները։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական ծրագրերի ուժեղ և թույլ կողմերին, զարգացման հնարավորություններին ու առկա սպառնալիքներին՝ հիմնվելով փաստացի տվյալների, գնահատումների և ուսումնառության վերջնարդյունքների վերլուծության վրա։
ՈԱԱԿ մասնագետները կարևորեցին, որ SWOT վերլուծությունները կառուցվեն ապացուցահեն մոտեցմամբ՝ ապահովելով ներքին և արտաքին գործոնների հստակ տարբերակում։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, ուսանողների առաջընթացի մշտադիտարկման, գործատուների ներգրավվածության, թվային ռեսուրսների զարգացման և կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմները։
Քննարկման արդյունքում ՄԿՈՒ հաստատությունները վերանայելու են իրենց SWOT վերլուծությունները՝ դրանք առավել հիմնավորված և փաստահեն դարձնելու նպատակով։