Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցած փորձնական (Mock) հավատարմագրման արդյունքների ամփոփիչ աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում։ Այն համակարգում էր ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։ Քննարկմանը մասնակցել են փորձնական (Mock) հավատարմագրմանն ընդգրկված քոլեջների ներկայացուցիչները, ներքին փորձագետները, ՈԱԱԿ-ի մասնագետները և ծրագրի գործընկերները՝ ներկայացնելով գործընթացի ընթացքում ձեռք բերված փորձը, արձանագրված փոփոխություններն ու հետագա զարգացման հնարավորությունները։
Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան հետևյալ հիմնական թեմաներին.
- Mock հավատարմագրման ազդեցությունը քոլեջների զարգացման վրա․ ընդգծվեց, որ գործընթացը նպաստել է որակի ապահովման նկատմամբ նոր մոտեցումների ձևավորմանը՝ այն դիտարկելով որպես կառավարման և շարունակական բարելավման գործիք, այլ ոչ միայն հավատարմագրմանը նախապատրաստվելու միջոց։
- Մասնագիտական երկխոսության և համագործակցության զարգացումը․ նշվեց, որ ծրագիրը տարբեր քոլեջների համար ստեղծել է փորձի փոխանակման և միմյանցից սովորելու արդյունավետ հարթակ։
- Ինքնավերլուծության և SWOT վերլուծության նոր ընկալումը․ մասնակիցները փաստեցին, որ թույլ կողմերը սկսել են դիտարկել ոչ թե որպես թերություններ, այլ՝ զարգացման և բարելավման հնարավորություններ։
- Ներքին փորձագետների դերը․ քննարկվեց, թե ինչպես են ներքին փորձագետները նպաստում խնդիրների բացահայտմանը, տվյալների վերլուծությանը և բարելավման առաջարկների մշակմանը՝ հանդես գալով որպես գործընկեր, այլ ոչ վերահսկող։
- Տվյալահենք որոշումների կայացումը․ ընդգծվեց, որ գործընթացը նպաստել է տվյալների հավաքագրման և վերլուծության մշակույթի ձևավորմանը, ինչի արդյունքում կառավարման որոշումները դարձել են ավելի հիմնավորված։
- Որակի ապահովման ապակենտրոնացումը․ նշվեց, որ որակի ապահովումն աստիճանաբար դարձել է ամբողջ հաստատության համատեղ պատասխանատվությունը՝ ներգրավելով տարբեր ստորաբաժանումների և շահակիցների։
- Կարողությունների զարգացումը․ նշվեց նաև ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչը՝ ընդգծելով ինքնավերլուծության, տվյալների հավաքագրման և վերլուծության հմտությունների կարևորությունը։
- Փորձագիտական ներուժի և ծրագրի արդյունքների շարունակականությունը. մասնակիցները կարևորեցին ձևավորված ներքին փորձագետների ցանցի հետագա կիրառումը, ինչպես նաև ծրագրի շրջանակում մշակված գործիքների և մեթոդաբանության տարածումը ՄԿՈՒ մյուս հաստատություններում։
Ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ փորձնական հավատարմագրումը դիտարկվում է ոչ թե որպես մեկանգամյա գնահատում, այլ որպես շարունակական զարգացման գործիք։ Մշակված մոտեցումները և գործիքները կարող են կիրառվել քոլեջների կողմից նաև հետագայում՝ սեփական առաջընթացը գնահատելու, բարելավման ուղղությունները սահմանելու և կրթության որակի բարձրացման գործընթացը համակարգելու նպատակով։
Քննարկման ամփոփ ուղերձն այն էր, որ որակի ապահովման իրական մշակույթը ձևավորվում է այն ժամանակ, երբ հաստատությունը պատրաստ է բաց քննարկել իր ուժեղ կողմերը և զարգացման կարիքները, սովորել սեփական փորձից և համատեղ աշխատել ավելի որակյալ կրթական միջավայր ստեղծելու ուղղությամբ։