Հունիսի 10-ին և 12-ին Erasmus+ QA4VET ծրագրի շրջանակում կայացել են առցանց աշխատաժողովներ, որոնց ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրել են «Առաքելություն և նպատակներ» և «Կառավարում և վարչարարություն» չափանիշների շրջանակում մշակված SWOT վերլուծությունները։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ SWOT վերլուծությունը պետք է ցույց տա ոչ միայն հաստատության ներկա վիճակը, այլև այն արժեքը, որը ստեղծվում է սովորողների, գործատուների և հասարակության համար։ ՈԱԱԿ-ի մասնագետները շեշտել են, որ ինքնավերլուծության առանցքում պետք է լինեն ոչ թե իրականացված գործողությունները, այլ դրանց ազդեցությունն ու արձանագրված փոփոխությունները։
«Առաքելություն և նպատակներ»․ ՈԱԱԿ մասնագետների հետադարձ կապի հիմնական շեշտադրումները
«Առաքելություն և նպատակներ» չափանիշի քննարկումների ընթացքում ՈԱԱԿ-ի մասնագետների հետադարձ կապի հիմնական առանցքը եղել է հաստատության առաքելության, ռազմավարական նպատակների և SWOT վերլուծության փոխկապակցվածությունը։ Ընդգծվել է, որ առաքելությունը կրթական հաստատության խոստումն է հասարակությանը և պետությանը, իսկ SWOT վերլուծությունը պետք է ցույց տա, թե որքանով են իրականացվում այդ խոստումն ու ռազմավարական նպատակները։
Մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է հետևյալ հարցերի վրա․
- SWOT վերլուծությունը պետք է հիմնվի ոչ թե ընդհանուր նկարագրությունների, այլ փաստերի, տվյալների և ապացույցների վրա։
- Ինքնավերլուծության մեջ կարևոր է ներկայացնել ոչ միայն իրականացված գործողությունները, այլև դրանց ազդեցությունն ու հաստատության զարգացմանը նպաստող փոփոխությունները։
- Հայտարարված նպատակները պետք է հիմնավորվեն փաստերով։ Եթե հաստատությունը նպատակ ունի պատրաստել մրցունակ մասնագետներ, ապա SWOT վերլուծությունը պետք է ցույց տա, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ և ինչ առաջընթաց է գրանցվել։
- Ռազմավարական պլանավորումը պետք է հիմնված լինի հստակ քանակական և որակական ցուցանիշների վրա, որոնք հնարավորություն են տալիս գնահատել ձեռքբերումներն ու զարգացման դինամիկան։
«Կառավարում և վարչարարություն»․ ուշադրության կենտրոնում՝ տվյալահենք կառավարումը
Աշխատաժողովի երկրորդ օրվա ընթացքում քննարկվել են նաև «Կառավարում և վարչարարություն» չափանիշի շրջանակում մշակված SWOT վերլուծությունները։ Ընդգծվել է, որ կառավարման համակարգի հիմնական նպատակը հաստատության առաքելության և ռազմավարական նպատակների իրականացումն է։
Քննարկումների ընթացքում կարևորվել են․
- տվյալահենք որոշումների կայացումը,
- շահակիցների ներգրավվածությունը կառավարման գործընթացներին,
- ստորաբաժանումների միջև համագործակցությունը,
- զարգացման գործընթացների մշտադիտարկումը,
- կառավարման որոշումների ազդեցության գնահատումը։
Նշվել է, որ արդյունավետ կառավարումը պետք է գնահատվի ոչ միայն կառավարման կառուցվածքով, այլև այն ազդեցությամբ, որը թողնում է հաստատության զարգացման և կրթական ծրագրերի բարելավման վրա։
Ամփոփելով աշխատաժողովները՝ ընդգծվել է, որ տվյալահենք SWOT վերլուծությունը կարևոր գործիք է ինքնագնահատման, ռազմավարական պլանավորման և զարգացման առաջնահերթությունների սահմանման համար։ Այն հնարավորություն է տալիս կրթական հաստատություններին ոչ միայն բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, այլև հիմնավորել, թե որքանով են իրականացնում իրենց առաքելությունը և ինչ արժեք են ստեղծում շահակիցների և հասարակության համար։