Հունիսի 4-ին Erasmus+ QA4VET ծրագրի շրջանակում կայացել է հերթական առցանց աշխատաժողովը, որին մասնակցել են ծրագրի հիմնական և ասոցացված գործընկերները։ ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների հետ իրականացվող աշխատաժողովի շրջանակում ներկայացվել են հավատարմագրման 1-ին, 2-րդ և 10-րդ չափանիշները, որոնց քննարկումները կենտրոնացած են եղել առաքելության և նպատակների, կառավարման և վարչարարության, ինչպես նաև որակի ներքին ապահովման համակարգի գնահատման հարցերի շուրջ։
Աշխատաժողովի ընթացքում ընդգծվել է, որ SWOT վերլուծությունը պետք է հիմնված լինի տվյալների, վերլուծությունների և փաստացի արդյունքների վրա։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս գնահատել ոչ միայն գործընթացների առկայությունը, այլև դրանց ազդեցությունը կրթական հաստատության զարգացման վրա։
Չափանիշ 1. Առաքելություն և նպատակ
Մասնակիցներին ներկայացվել են այն մոտեցումները, որոնց միջոցով SWOT վերլուծությունը կարող է կիրառվել կրթական հաստատության առաքելության և նպատակների իրականացման գնահատման համար։ Կարևորվել է այն, որ գնահատումը պետք է հիմնված լինի չափելի արդյունքների, փաստերի և ապացույցների վրա, այլ ոչ միայն գործընթացների կամ փաստաթղթերի առկայության։
Անդրադարձ է կատարվել կրթական հաստատության առաքելության իրականացման գնահատմանը, ինչպես նաև շահակիցների՝ գործատուների, ուսանողների և շրջանավարտների մասնակցության ու ազդեցության վերլուծությանը։ Ներկայացվել են գնահատման արդյունքների հիման վրա բարելավումների պլանավորման և իրականացման մեխանիզմները։
Քննարկումների ընթացքում շեշտադրվել է, որ SWOT վերլուծությունը պետք է ծառայի ոչ միայն ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի բացահայտմանը, այլև զարգացման վերաբերյալ հիմնավորված որոշումների կայացմանը։
Չափանիշ 2. Կառավարում և վարչարարություն
Քննարկվել են կառավարման և վարչարարության արդյունավետության գնահատման հիմնական մոտեցումները։ Մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է որոշումների կայացման գործընթացների արդյունավետությանը, կառավարման կառուցվածքի գործունակությանը, մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։
Ներկայացվել են տվյալների վրա հիմնված վերլուծության գործիքներ և մեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր է գնահատել շահակիցների ներգրավվածությունը, կառավարման որոշումների հիմնավորվածությունը, ինչպես նաև զարգացման գործընթացների պլանավորման և մշտադիտարկման արդյունավետությունը։
Ընդգծվել է, որ գնահատման արդյունքները պետք է հնարավորություն տան բացահայտելու ոչ միայն կառավարման համակարգի ուժեղ և թույլ կողմերը, այլև կառավարման որոշումների ազդեցությունը կրթական գործընթացների և հաստատության ռազմավարական զարգացման վրա։
Չափանիշ 10. Որակի ներքին ապահովման համակարգ
Ներկայացվել է որակի ներքին ապահովման համակարգի գնահատման տրամաբանությունը՝ շեշտադրելով, որ չափանիշ 10-ը պետք է դիտարկվի որպես շարունակական բարելավման համակարգի արդյունավետության գնահատման գործիք։
Քննարկումների ընթացքում նշվել է, որ որակի ապահովման համակարգը պետք է ցույց տա, թե ինչ տվյալներ են հավաքագրվում, ինչպես են դրանք վերլուծվում, ինչ որոշումներ են կայացվում դրանց հիման վրա և ինչպես է գնահատվում իրականացված փոփոխությունների ազդեցությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տվյալների վրա հիմնված կառավարման սկզբունքին։ Նշվել է, որ հարցումների, դասալսումների և գնահատման այլ գործիքների կիրառումը բավարար չէ ինքնին. անհրաժեշտ է ներկայացնել դրանց արդյունքում բացահայտված խնդիրները, իրականացված բարելավումները և արձանագրված արդյունքները։
Կարևորվել է նաև որակի ապահովման մեխանիզմների արդյունավետության և ազդեցության գնահատումը՝ որպես կրթական ծրագրերի շարունակական զարգացման կարևոր պայման։
Ամփոփելով՝ մասնակիցները կարևորել են SWOT վերլուծության դերը կրթական հաստատությունների ինքնագնահատման, հիմնավորված որոշումների կայացման և շարունակական բարելավման գործընթացներում։ Ընդգծվել է, որ տվյալահենք մոտեցումը հավատարմագրումը դարձնում է ոչ միայն գնահատման, այլև որակի զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման գործիք։