Հունիսի 3-ին Erasmus+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հերթական առցանց աշխատաժողովը, որին մասնակցել են ծրագրի հիմնական և ասոցացված գործընկերները։ Աշխատաժողովը նվիրված է եղել ինստիտուցիոնալ հավատարմագրման 5-րդ՝ «Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմ» և 7-րդ՝ «Ենթակառուցվածք և ռեսուրսներ» չափանիշների շրջանակում իրականացվող SWOT վերլուծությունների քննարկմանը։
Աշխատաժողովի առանցքային շեշտադրումն այն էր, որ ինստիտուցիոնալ մակարդակի SWOT վերլուծությունները պետք է հիմնվեն ոչ թե ընդհանրական դիտարկումների, այլ կրթական ծրագրերի մակարդակում իրականացված մանրամասն ուսումնասիրությունների վրա։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել տվյալահենք եզրահանգումներ և առավել ճշգրիտ գնահատել հաստատության ուժեղ ու թույլ կողմերը, զարգացման հնարավորություններն ու ռիսկերը։
Աշխատաժողովն անցկացվել է գործնական ձևաչափով․ մասնակից քոլեջները բաժանվել են երկու խմբերի, իսկ ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները, հանդես գալով որպես մենթորներ, աջակցել են գործընկեր հաստատություններին SWOT վերլուծությունների իրականացման, տվյալների մեկնաբանման և ինստիտուցիոնալ մակարդակի եզրահանգումների ձևավորման գործընթացում։
5-րդ չափանիշի շրջանակում քննարկվել են դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի ներուժի գնահատման մոտեցումները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դասախոսների մասնագիտական զարգացման հնարավորություններին, վերապատրաստումների արդյունավետությանը, կադրային կայունությանը, ինչպես նաև գործատուների ներգրավվածությանը կրթական ծրագրերի իրականացման և բարելավման գործընթացներում։ Ընդգծվել է, որ նշված գործոնները պետք է գնահատվեն յուրաքանչյուր կրթական ծրագրի մակարդակում՝ հիմնվելով փաստական տվյալների և չափելի ցուցանիշների վրա։
7-րդ չափանիշի շրջանակում քննարկումների առանցքում եղել են կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու ռեսուրսները՝ նյութատեխնիկական բազան, տեղեկատվական համակարգերը, գրադարանային և թվային ռեսուրսները։ Կարևորվել է ռեսուրսների գնահատումը ոչ միայն դրանց առկայության, այլև կրթական ծրագրերի նպատակներին և ուսումնառության արդյունքներին նպաստելու տեսանկյունից։
ՈԱԱԿ-ի աշխատակիցները նշել են, որ նույն գործոնը տարբեր կրթական ծրագրերում կարող է ունենալ տարբեր ազդեցություն․ օրինակ՝ որևէ ռեսուրս, գործատուների ներգրավվածության ձևաչափ կամ դասախոսական կազմի առանձնահատկություն մի ծրագրի համար կարող է հանդիսանալ ուժեղ կողմ, իսկ մեկ այլ ծրագրի դեպքում՝ բարելավման կարիք ունեցող ոլորտ։ Այդ պատճառով SWOT վերլուծությունները պետք է հիմնվեն փաստերի, վերլուծված տվյալների, հետազոտությունների արդյունքների, շահակիցների կարծիքների և այլ ապացույցների վրա՝ ապահովելով հաստատության գործունեության ամբողջական և օբյեկտիվ գնահատումը։
Քննարկումների ընթացքում կարևորվել է նաև SWOT վերլուծությունների կիրառական նշանակությունը։ Նշվել է, որ դրանց նպատակը ոչ միայն առկա իրավիճակի գնահատումն է, այլև այնպիսի գործիքի ձևավորումը, որը հնարավորություն կտա քոլեջներին հետագայում գնահատել իրենց գործունեության արդյունավետությունը, հետևել զարգացման դինամիկային և տվյալահեն հիմքերի վրա պլանավորել հետագա բարելավումները։ Այս համատեքստում քննարկվել են նաև թույլ կողմերի հաղթահարման հնարավոր քայլերը և դրանց ներառումը զարգացման ծրագրերում։
Աշխատաժողովի ընթացքում գործընկեր հաստատությունները ներկայացրել են իրենց փորձը և մոտեցումները՝ կապված ռեսուրսների զարգացման, դասախոսական կազմի կարողությունների ամրապնդման, գործատուների ներգրավվածության ընդլայնման և որակի ապահովման գործընթացների կատարելագործման հետ։ Արդյունքում վերահաստատվել է, որ տվյալահենք SWOT վերլուծությունները կարևոր հիմք են կրթական ծրագրերի որակի գնահատման, զարգացման առաջնահերթությունների սահմանման, ռազմավարական պլանավորման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար։