Մայիսի 11-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել Էրազմուս+ «Որակի ապահովման հիմնական հանձնառության զարգացմանն ուղղված իրագործման աջակցություն» (SIQA) ծրագրի կառավարման խմբի երկրորդ հանդիպումը՝ ծրագրի գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Հանդիպման նպատակն էր ամփոփել ծրագրի առաջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ներկայացնել աշխատանքային փաթեթների առաջընթացը, քննարկել առաջիկա գործողությունները և նախանշել ծրագրի զարգացման հետագա ուղղությունները։
SIQA ծրագիրը միտված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի մշակույթի ամրապնդմանը՝ խթանելով ESG չափանիշների գործնական կիրառումը, համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման ներդրումը, ինչպես նաև ազգային համակարգերի զարգացմանն ուղղված նորարարական մոտեցումների և փորձի փոխանակումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքներն ու առաջիկա քայլերը, մասնավորապես․
- ESG չափանիշների գործնական կիրառման և դրանց համահունչ որակի արտաքին ապահովման գործընթացների զարգացումը,
- անդրսահմանային կրթության որակի ապահովման և համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցումների կիրառման հնարավորությունները,
- միջազգային համագործակցության, գործընկերային ուսուցման և ուսումնական այցերի շրջանակում ձեռքբերված արդյունքները,
- բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտում նորարարական մոտեցումների ներդրման հնարավորությունները,
- ծրագրի արդյունքների տարածման և տեսանելիության բարձրացման հետագա քայլերը։
Ծրագրի շրջանակում կարևոր դեր ունի նաև Բոլոնիայի գործընթացի որակի ապահովման թեմատիկ գործընկերային խումբը՝ TPG C-ն, որտեղ Հայաստանը 2024–2027 թվականների աշխատանքային շրջանում հանդես է գալիս որպես համանախագահ երկիր՝ ի դեմս ՈԱԱԿ-ի։ Խմբի համանախագահի դերը ստանձնել է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը՝ ապահովելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման քաղաքականությունների ձևավորման և փորձի փոխանակման գործընթացներում։
Նշենք՝ 2026 թվականի նոյեմբերի 16–18-ը Երևանը կհյուրընկալի TPG C-ի հերթական հանդիպումը։ Միջոցառումը կմիավորի 38 երկրների ներկայացուցիչների և 7 միջազգային խորհրդատվական կազմակերպությունների՝ EUA, ENQA, EQAR, ESU, EURASHE, BusinessEurope և Education International (ETUCE)։ Հանդիպման նպատակն է քննարկել որակի ապահովման արդի մարտահրավերները, խթանել գործընկերային ուսուցումն ու փորձի փոխանակումը և համատեղ մշակել լուծումներ՝ ուղղված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի մշակույթի շարունակական զարգացմանը։