Փափուկ հմտությունների զարգացումը չի կարող սկսվել միայն աշխատավայրում․ բուհի շրջանավարտը պետք է արդեն իսկ պատրաստ լինի աշխատելու տարբեր մասնագիտական և մշակութային միջավայրերում, համագործակցելու, գնահատելու տեղեկատվությունը և կայացնելու հիմնավորված որոշումներ։ Այս ուղերձն ընդգծվեց հոկտեմբերի 7–9-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում կայացած Erasmus+ DeSIRe ծրագրի եզրափակիչ համաժողովում։
Համաժողովի բացմանը ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց բարձրագույն կրթության դերը ոչ միայն մասնագիտական գիտելիքի փոխանցման, այլև փոփոխվող միջավայրում կիրառելի կարողությունների ձևավորման գործում։
Անդրադառնալով գլոբալ քաղաքացիության (global citizenship) գաղափարին՝ նա շեշտեց աշխարհին բաց և վստահությամբ վերաբերվելու, տարբեր երկրների ու մշակույթների ներկայացուցիչների հետ համագործակցելու կարևորությունը։ Որպես այդպիսի կարողությունների զարգացման հնարավորություն՝ առանձնացվեց տարբեր երկրների համալսարանների միջև համագործակցությունը, այդ թվում՝ համատեղ մշակվող և դասավանդվող ուսումնական մոդուլների միջոցով։
Ռուբեն Թոփչյանն անդրադարձավ նաև արհեստական բանականության կիրառմանը մասնագիտական գործունեության մեջ՝ ընդգծելով, որ տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելուն զուգահեռ անհրաժեշտ է ունենալ դրանց տրամադրած տեղեկատվությունն ու արդյունքներն ստուգելու, քննադատաբար գնահատելու և դրանց հիման վրա հիմնավորված որոշումներ կայացնելու կարողություններ։
Ելույթի կարևոր շեշտադրումներից էր նաև որակի ապահովման շարունակականությունը։ Որակի ապահովումը չպետք է սահմանափակվի վերջնական արդյունքի ստուգմամբ, այլ պետք է ուղեկցի ամբողջ գործընթացին՝ պլանավորումից և իրականացումից մինչև արդյունքների գնահատում և դրանց հիման վրա բարելավում։ Այս տեսանկյունից կարևորվեց նաև ծրագրի շրջանակում ձևավորված լուծումների կիրառելիության և շարունակականության ապահովումը։
Որակի ապահովումից դեպի կրթական լուծումների բարելավում
Համաժողովի ընթացքում ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը ներկայացրեց DeSIRe ծրագրի որակի գնահատման և մշտադիտարկման աշխատանքային փաթեթի ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արդյունքները։
ՈԱԱԿ-ի և գործընկերների համագործակցությամբ մշակվել են որակի ապահովման ուղեցույցներ և գնահատման գործիքներ, իրականացվել են վերապատրաստումների գնահատումներ, վերլուծվել մասնակիցների հետադարձ կապը և ներկայացվել բարելավման առաջարկներ։
Գնահատման աշխատանքների առանցքում եղել է ոչ թե միայն իրականացված գործողությունների համապատասխանությունը պլանին, այլև այն, թե որքանով են դրանք նպաստում ակնկալվող ուսումնառության արդյունքների ձեռքբերմանը։
Մասնավորապես, գնահատվել է նախատեսված ուսումնառության վերջնարդյունքների, դասավանդման և ուսումնառության գործողությունների ու գնահատման մեթոդների փոխհամապատասխանությունը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտելու ուսումնական նախագծման բացերը և մշակելու բարելավման առաջարկներ, որպեսզի սահմանված կարողությունների զարգացումն ապահովվի համապատասխան ուսումնական գործողություններով, իսկ դրանց ձեռքբերումը՝ հավաստվի գնահատման միջոցով։
Ներկայացվեցին նաև Հայաստանի և Վրաստանի որակի ապահովման գործակալությունների՝ ՈԱԱԿ-ի և Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) համագործակցությամբ հինգ ուսումնական մոդուլների և հինգ MOOC-երի արտաքին գնահատման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Դրանց նպատակն է գնահատել կրթական լուծումների համապատասխանությունը որակի պահանջներին և նպաստել դրանց հետագա կատարելագործմանը։
Ինչպե՞ս համոզվել, որ ուսանողը ձեռք է բերել փափուկ հմտությունները
Մերի Բարսեղյանը մասնակցեց նաև «Փափուկ հմտությունների զարգացումից դեպի աշխատաշուկայի ազդեցություն․ պատրա՞ստ են արդյոք Հայաստանի և Վրաստանի բուհերը 21-րդ դարի աշխատավայրին» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման առանցքային հարցերից էր, թե ինչպես կարելի է փափուկ հմտությունների զարգացումը դարձնել գնահատելի և հավաստելի ուսումնառության արդյունք։
Բուհական կրթական ծրագրերում հաղորդակցման, թիմային աշխատանքի, քննադատական մտածողության կամ խնդիրների լուծման կարողությունների ամրագրումը դեռևս չի նշանակում, որ ուսանողները ձեռք են բերել դրանք։ Կարևոր է, որ ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն ունենան դրսևորելու այդ հմտություններն իրական կամ իրականությանը մոտ իրավիճակներում, իսկ գնահատման մեթոդները հնարավորություն տան պարզելու դրանց ձեռքբերման մակարդակը։
Այս համատեքստում կարևորվեց նաև գործատուների և այլ շահակիցների մասնակցությունը՝ մասնագիտական միջավայրում անհրաժեշտ կարողությունները բացահայտելու և դրանց համապատասխան ուսումնառության ու գնահատման մոտեցումներ մշակելու նպատակով։
Ծրագրի արդյունքները՝ բուհերում շարունակական կիրառման համար
Համաժողովում ներկայացվեցին փափուկ հմտությունների զարգացման հինգ մոդուլները և հինգ առցանց դասընթացները (MOOCs), դասավանդման ու գնահատման մեթոդական ուղեցույցները, ինչպես նաև MOOC-երի հիման վրա միկրոորակավորումների և հավաստագրման մոտեցումները։
Քննարկվեցին նաև Հայաստանի և Վրաստանի բուհերում ստեղծված փափուկ հմտությունների լաբորատորիաների զարգացման, մշակված մոդուլները կրթական ծրագրերում ինտեգրելու, ակադեմիական կազմի մասնագիտական զարգացման և գործընկեր հաստատությունների միջև հետագա համագործակցության հնարավորությունները։
Ծրագրի արդյունքների կայունության կարևոր նախապայմանն այն է, որ մշակված մոդուլներն ու գործիքները ոչ միայն ներդրվեն բուհերում, այլև շարունակաբար գնահատվեն և կատարելագործվեն՝ հիմնվելով ուսանողների ձեռքբերած կարողությունների և շահակիցների հետադարձ կապի վրա։
Erasmus+ DeSIRe՝ «Փափուկ հմտությունների զարգացումը Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության հաստատություններում՝ համահունչ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին» ծրագիրն իրականացվում է Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկեր հաստատությունների համագործակցությամբ։ Այն նպատակ ունի նպաստելու բարձրագույն կրթության մեջ փոխանցելի հմտությունների զարգացմանը՝ ուսումնական նոր մոդուլների, առցանց դասընթացների, դասավանդման ու գնահատման ժամանակակից մոտեցումների մշակման և կիրառման միջոցով։ ՈԱԱԿ-ը ծրագրի գործընկերներից է՝ ներգրավված որակի ապահովման, մշտադիտարկման և գնահատման աշխատանքներում։