Ինչպե՞ս գնահատել քոլեջի զարգացումը, ժամանակին բացահայտել խնդիրները և համատեղ պլանավորել բարելավումները՝ առանց մեծ ֆինանսական ծախսերի։ Erasmus+ QA4VET ծրագրի շրջանակում մշակված փորձնական՝ Mock հավատարմագրման մոդելն առաջարկում է այդպիսի գործնական հնարավորություն։
Mock հավատարմագրումը քոլեջի զարգացման ներքին գործիք է։ Այն օգնում է գնահատել հաստատության և կրթական ծրագրերի ուժեղ կողմերն ու զարգացման կարիքները, վերլուծել իրականացված գործողությունների արդյունքները և սահմանել հետագա քայլերը։ Այն կարող է կիրառվել ոչ միայն ինստիտուցիոնալ հավատարմագրումից առաջ, այլև պարբերաբար՝ որպես կառավարման և շարունակական բարելավման մեխանիզմ։
Գործընթացին մասնակցում են հաստատության ղեկավարները, դասախոսները, վարչական աշխատակիցները, ուսանողները, գործատուները և այլ շահակիցներ։ Նրանց տարբեր փորձն ու դիտարկումները հնարավորություն են տալիս ամբողջական պատկեր կազմել առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին։ Այս մոտեցմամբ որակի ապահովումը դառնում է ոչ թե մեկ ստորաբաժանման, այլ ամբողջ քոլեջի համատեղ աշխատանքը։
Քոլեջները կարող են Mock հավատարմագրումն իրականացնել սեփական մասնագիտական ներուժով՝ օգտագործելով առկա տվյալները, դասախոսների փորձը, ուսանողների կարծիքները և գործատուների արձագանքները։ Սա հնարավորություն է տալիս առանց մեծ լրացուցիչ ծախսերի զարգացնել ինքնավերլուծության, տվյալների վերլուծության և փաստահենք որոշումների ընդունման կարողությունները։
Հուլիսի 13-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Erasmus+ QA4VET ծրագրի արդյունքների ամփոփիչ աշխատաժողովը։ Այն համախմբել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում Erasmus+ ազգային գրասենյակի, ծրագրի հայաստանյան և եվրոպական գործընկերների, ՄԿՈՒ հաստատությունների և կրթության ոլորտի այլ շահակիցների ներկայացուցիչներին։
QA4VET ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններին արդյունավետ ներքին որակի ապահովման համակարգերի ձևավորման գործում։ Ծրագրի առանցքային արդյունքներից է Mock հավատարմագրման մոդելի մշակումը և փորձարկումը։
Աշխատաժողովի ընթացքում կարևորվեց մոդելի շարունակական կիրառումը։ Քոլեջները կարող են ռազմավարական պլաններում նախատեսել տարբեր կրթական ծրագրերի փորձնական հավատարմագրումները, սահմանել դրանց հաջորդականությունը և պլանավորված մշտադիտարկել ծրագրերի զարգացումը։ Այդ կերպ հնարավոր կլինի գնահատել կատարված փոփոխությունների արդյունքները և ժամանակին վերանայել զարգացման քայլերը։
Հավատարմագրումը վերջնական նպատակ չէ, այլ գործիք՝ հասկանալու հաստատության ներկա վիճակը և զարգացման ուղղությունը։ Որակի իրական մշակույթը ձևավորվում է, երբ ինքնավերլուծությունը դառնում է կառավարման բնական բաղադրիչ, իսկ բարելավումը՝ քոլեջի ամբողջ համայնքի միասնական աշխատանք։