Սեպտեմբերի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի (ENQA) նախագահ Դանիելա Քրիստինա Գիցուլիկային։
Հանդիպմանը մասնակցել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանը։
Հանդիպման առանցքում են եղել Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի զարգացման հեռանկարները և ՈԱԱԿ-ի ու ENQA-ի միջև համագործակցության հետագա ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո իրականացվող բարեփոխումները։
Քննարկվել են բուհերի կրթական ծրագրերի պետական հավատարմագրմանը, եվրոպական փորձագետների ներգրավմանը և համատեղ հավատարմագրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվել է եվրոպական գործընկեր կառույցների հետ ՈԱԱԿ-ի կողմից արդեն իսկ կիրառվող համատեղ հավատարմագրման փորձը՝ որպես ազգային և եվրոպական մոտեցումների համադրման ու փորձի փոխանակման արդյունավետ ձևաչափ։
Կարևորվել է որակի ապահովման գործընթացներում ուսանողների, շրջանավարտների և գործատուների մասնակցության ընդլայնումը։ Մասնավորապես, ընդգծվել է ուսանողների ներգրավումը արտաքին գնահատումներում, շրջանավարտների հետ հետադարձ կապի զարգացումը, ինչպես նաև կրթական ծրագրերի գնահատման ընթացքում աշխատաշուկայի պահանջների առավել ընդգրկուն դիտարկումը։
ENQA-ի նախագահ Դանիելա Քրիստինա Գիցուլիկան ներկայացրել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման համակարգերի զարգացման արդի միտումներն ու մարտահրավերները։ Նա կարևորել է ազգային կառույցների միջև փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և եվրոպական չափանիշների կիրառման ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու մասնագիտական երկխոսությունն ու համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի զարգացմանը և փորձի փոխանակմանը։
Լուսանկարները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական էջից