Ամփոփվում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի վերապատրաստման փուլը, որն իրականացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում ապրիլի 2-ին տեղի ունեցավ առցանց աշխատաժողով՝ ՏՏ ոլորտի դասախոսների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր ամփոփել վերապատրաստման ընթացքում գրանցված արդյունքները, վեր հանել առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև հստակեցնել հետագա քայլերը։
Աշխատաժողովի ընթացքում արձանագրվեց, որ վերապատրաստման արդյունքում դասախոսների մոտ ձևավորվել են հետազոտական մոտեցման կիրառման կարողություններ, որոնք արդեն կիրառվում են ուսումնական գործընթացում։ Քոլեջներում իրականացվում են հստակ քայլեր՝ հետազոտական առաջադրանքների և ուսուցման գործընթացում տվյալահենք վերլուծության ինտեգրման ուղղությամբ։
Արդյունքում նկատվում է ուսանողների ներգրավվածության աճ․ նրանք ակտիվորեն մասնակցում են հետազոտական առաջադրանքներին, ցուցաբերում նախաձեռնողականություն և զարգացնում վերլուծական մտածողություն։ Միաժամանակ դասավանդման գործընթացում արձանագրվել է անցում ավանդական մեթոդներից դեպի առավել գործնական և վերլուծական մոտեցումներ։
Դասախոսների ներկայացրած փորձը վկայում է, որ կիրառվում են կոնկրետ մեխանիզմներ, մասնավորապես․
- հետազոտական աշխատանքների ինտեգրում ուսումնական մոդուլների տարբեր փուլերում,
- աշխատանքների իրականացում փոքր խմբերով և անհատական ձևաչափով,
- համեմատական վերլուծությունների կիրառում՝ տարբեր մոտեցումների արդյունավետությունը գնահատելու նպատակով,
- դիտարկման քարտերի օգտագործում՝ տվյալների հավաքագրման և վերլուծության համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տվյալների համակարգված գրանցման և հիմնավորված եզրակացությունների ձևակերպման հմտությունների զարգացմանը, ինչը նպաստում է ուսանողների հետազոտական կարողությունների ձևավորմանը։
Կարևորվել է նաև փորձի տարածումն ու ներքոլեջային համագործակցությունը։ Այս համատեքստում առաջարկվել է կազմակերպել բաց դասեր և դասալսումներ, ինչպես նաև իրականացնել ներքին ներկայացումներ և մասնագիտական քննարկումներ։ Ընդգծվել է, որ տեսանելի արդյունքների ներկայացումն ու գործնական օրինակների տարածումը առավել արդյունավետ են։
Ծրագրի այս փուլի և արձանագրված արդյունքների վերլուծության նպատակով ՈԱԱԿ-ն իրականացնում է արդյունավետության գնահատում՝ կիրառելով բազմամեթոդ մոտեցում։ Մասնավորապես, իրականացվում են հարցաշարեր ծրագրի մասնակիցների շրջանում, դասընթացավարների հետ կազմակերպվում են ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես նաև հավաքագրվում են արձագանքներ ՄԿՈՒ հաստատություններից։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է աշխատաժողովների շարունակական անցկացում՝ մասնակիցների ընթացիկ առաջընթացին հետևելու և նպատակային հետադարձ կապ ապահովելու համար։ Ուսումնական տարվա ավարտին նախատեսվում է ամփոփիչ համաժողով՝ ծրագրի արդյունքների ներկայացման և լավագույն փորձի տարածման նպատակով ՄԿՈՒ ոլորտի մասնագետների շրջանում։
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ վերապատրաստման արդյունքում ձևավորվել է դրական դինամիկա․ հետազոտական և թվային կարողությունների զարգացումն արդեն ունի տեսանելի ազդեցություն ուսումնական գործընթացի վրա և ունի էական ներուժ՝ ՄԿՈՒ համակարգում կարողությունների զարգացման համար։