Ապրիլի 20-ին Գորիսի պետական համալսարանում կայացել է Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փոխանցելի հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի տարածաշրջանային իրազեկման միջոցառումը, որին մասնակցել են հայկական, վրացական և եվրոպական գործընկեր բուհերի, որակի ապահովման կառույցների, գործատու կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումն անցկացվել է համակցված՝ առկա և առցանց ձևաչափով։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) միջոցառմանը մասնակցել է որպես ծրագրի գործընկեր՝ ներկայացնելով որակի ապահովման տեսանկյունը փոխանցելի հմտությունների զարգացման, դրանց գնահատման և կրթական ծրագրերում համակարգված ինտեգրման ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքային փաթեթների արդյունքները, կիրառվող մեթոդական մոտեցումները և մշակվող գործիքակազմերը՝ ուղղված փոխանցելի հմտությունների ձևավորմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել որակի ապահովման մեխանիզմներին՝ մասնավորապես՝
- փոխանցելի հմտությունների ներառմանը կրթական ծրագրերում,
- դրանց ձեռքբերման գնահատման չափանիշների և ցուցիչների սահմանմանը,
- ուսուցման և գնահատման մեթոդների համապատասխանեցմանը նախատեսված վերջնարդյունքներին։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցած «Արդյո՞ք համալսարաններն ուսանողներին ապահովում են գործատուների պահանջած փոխանցելի հմտություններով» պանելային քննարկման ընթացքում ՈԱԱԿ ներկայացուցիչն անդրադարձել է որակի ապահովման համակարգերի դերին՝ ապահովելու, որ բուհերում ձևավորվող հմտությունները լինեն չափելի, հավաստելի և համադրելի աշխատաշուկայի ակնկալիքների հետ։
Քննարկումների արդյունքում կարևորվել է բուհերի և գործատուների միջև համակարգված համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև որակի ներքին ապահովման գործընթացներում փոխանցելի հմտությունների գնահատման հստակ մեխանիզմների ներդրումը։
ՈԱԱԿ-ի և Վրաստանի որակի ապահովման գործակալության՝ NCEQE-ի կողմից մշակվել է փոխանցելի հմտությունների ձևավորմանն ուղղված մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) գնահատման միասնական շրջանակ։
Մշակված շրջանակը ներառում է հստակ սահմանված չափանիշներ և ինդիկատորներ՝ նախատեսված ծրագրի շրջանակում մշակված մոդուլների, ինչպես նաև առցանց ուսուցման ձևաչափով իրականացվող դասընթացների որակի գնահատման համար։
Շրջանակը հիմնված է Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման չափանիշների և ուղեցույցների (ESG), ինչպես նաև միջազգային լավագույն փորձի (այդ թվում՝ OECD մոտեցումների) վրա՝ ապահովելով գնահատման գործընթացի համադրելիությունը, թափանցիկությունը և վստահելիությունը։
Գնահատման արդյունքների հիման վրա կպատրաստվի համատեղ զեկույց, որը կծառայի որպես հիմք բուհերում մոդուլների փորձարկման և հետագա ներդրման գործընթացի բարելավման համար։