Դեկտեմբերի 16-18-ը   ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում։ 
Փորձագիտական խմբի ղեկավարն  է   ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու,  դոցենտ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի  դեկան Հերմինե Գրիգորյանը։ Խմբի անդամներն են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի կրթության որակի ապահովման պատասխանատու Աիդա Դաբաղյանը, Հայկական բժշկական ինստիտուտի Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ  Գոհար Մկրտչյանը և Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանող Արեգ Խալափյանը։  
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։ 
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին  քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:      
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի,   կառավարման խորհրդի անդամների, շրջանավարտների, դասախոսների  հետ, իրականացվել են դասալսումներ, պրակտիկաների և   ռեսուրսների դիտարկում:  
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ  են տեղի ունեցել «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Քույրական գործ» և  «Ատամնատեխնիկական գործ»  կրթական ծրագրերի պատախանատուների,  դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:   
Տեղի կունենան հանդիպումներ նաև  որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ։  
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը:  Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա քոլեջը  կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:     
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը,  ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ,  որոշում կկայացնի Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջին հավատարմագրում շնորհելու  կամ հավատարմագրումը մերժելու մասին:  
Նշենք՝ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ 2021-ին Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջին շնորհվել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։