Հունիսի 22-24-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբը միջին մասնագիտական կրթական աստիճանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում «Էրեբունի» բժշկական ակադեմիայում։
Փորձագիտական խմբի անդամներն են Մարտունի ԲԿ մանկաբույժ, Մարտունու պետական բժշկական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Արշակյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ելենա Մարտիրոսյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, Կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի Ինտեգրատիվ և հարմարողական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, Կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Կարապետյանը, Հայկական Բժշկական Ինստիտուտի «Բուժական գործ» կրթական ծրագրի ուսանող Ալեքսան Հակոբյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են ակադեմիայի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել ակադեմիայի ռեկտորի, պրոռեկտորների, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի դեկանի, ինքնավերլուծությունն իրականացրած աշխատանքային խմբի, Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների, գործատուների, շրջանավարտների, ամբիոնների վարիչների, հիմնական և համատեղությամբ աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, իրականացվել են դասալսումներ, ռեսուրսների դիտարկում:
Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Ատամնատեխնիկական գործ», «Քույրական գործ», «Մանկաբարձություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասախոսների և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը և նախորդ արտաքին գնահատման արդյունքում կազմված բարելավման ծրագրի իրականացումը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի հաստատությանը հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: