Հունիսի 22-24-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի պետական հումանիտար քոլեջում։
Փորձագիտական խմբի ղելավարն է Շիրակի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։ Խմբի անդամներն են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ավագ դասախոս, ՈԱԱԿ բանավոր թարգմանիչ Վարդանուշ Բաղդասարյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, «Ալեքս Տեքստիլ» ՓԲԸ հագուստի կոնստրուկտոր Օլյա Ավետիսյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում`օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրի ուսանող Հարություն Չիլինգարյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել է դիպլոմային նախագծերի պաշտպանության պետական որակավորման քննությունների դիտարկումներ և ռեսուրսների դիտարկում։
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի տնօրենի, տնօրենի տեղակալների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, գործատուների, շրջանավարտների, Կառավարման խորհրդի անդամների, ամբիոնի վարիչների, դասախոսական կազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների /կենտրոնների ղեկավարների, Կրթության որակի պատասխանատուի, ուսանողների հետ։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ», «Բանկային գործ» և «Գործավարություն`օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ Երևանի պետական հումանիտար քոլեջը 2023-ին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։