Նոյեմբերի 9-12-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն արտաքին գնահատման նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում է։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Երևանի պետական համալսարանի Արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանը:
Փորձագիտական խմբի անդամներն են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ծառայությունների բիզնեսի կազմակերպման » ամբիոնի ավագ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Նարեկ Կոստանյանը, Մխիթար Գոշ Հայ-Ռուսական միջազգային համալսարանի Հյուսվածքաբանություն, էմբրիոլոգիա, բջջաբանություն առարկայի դասախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Նաիրա Հունանյանը, Գերմանական AHPGS հավատարմագրման գործակալության գիտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայի երիտասարդ հետազոտողների (դոկտորական մակարդակ) ազգային աջակցության ծրագրի համակարգող, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի (ETHZ) և Ցյուրիխի համալսարանի դասախոս Ռոլֆ Հոյսերը, Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանի բժշկության ամբիոնի վարիչ, անգլալեզու բժշկական կրթական ծրագրի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինե Փխակաձեն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Կառավարում» մասնագիտության ուսանող Խաչիկ Ավետիսյանը։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Փորձագիտական խումբն այցից առաջ ուսումնասիրել է բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել։ Փորձագիտական այցի առաջին օրը փորձագիտական խումբն իրականացրել է դասալսումներ և ռեսուրսների դիտարկումներ։
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան ԵՊԲՀ ռեկտորի, պրոռեկտորների, հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների, ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների, տեղացի և օտարերկրյա ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, Կրթական ծրագրերի բաժնի պետի, ստորաբաժանումների ղեկավարների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի հետ։
Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Հանրային առողջություն», «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» կրթական ծրագրերի ղեկավարների, դասախոսական կազմի և ուսանողների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2015-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, 2020-ին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով։