Ապրիլի 22-ին «ARAQUA 2» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ գործընկերային հանդիպում, որի նպատակն էր քննարկել որակավորումների ավտոմատ ճանաչման գործընթացը և դրա իրականացմանը նպաստող գործոնները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)՝ Հայաստանի ակադեմիական ճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ArmENIC) հրավերով։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ անդրադառնալով որակի ապահովման համակարգի դերին որակավորումների ավտոմատ ճանաչման գործընթացում։ Ներկայացման ընթացքում ընդգծվել է, որ Որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին (ESG) համահունչ ՀՀ որակի ապահովման համակարգը, արտաքին գնահատման անկախությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև բուհերում ներդրված որակի ներքին ապահովման մեխանիզմները ձևավորում են վստահելի հիմք որակավորումների ճանաչման համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվության հասանելիության և թափանցիկության կարևորությանը։ Նշվել է, որ որակի ապահովման արդյունքների հրապարակայնությունը՝ մասնավորապես հավատարմագրման պետական գրանցամատյանի և Արտաքին գնահատման զեկույցների եվրոպական շտեմարանի (DEQAR) միջոցով, հնարավորություն է տալիս ճանաչման գործընթացում օգտագործել արդեն առկա տվյալները և խուսափել կրկնակի գնահատումներից՝ նպաստելով Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում փոխադարձ վստահության ձևավորմանը։ Անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հայերենով և անգլերենով։
Հավատարմագրման պետական գրանցամատյանը կապակցված է DEQAR-ին, ինչն ապահովում է գնահատման արդյունքների ավտոմատ հրապարակումը և հասանելիությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ ՈԱԱԿ-ի արտաքին գնահատման զեկույցների հրապարակումը DEQAR-ում նպաստում է ՀՀ բարձրագույն կրթության համակարգի թափանցիկության բարձրացմանը և ամրապնդում հայաստանյան բուհերի կողմից շնորհվող որակավորումների միջազգային ճանաչելիությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում։
Ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համատեղ հավատարմագրման փորձին՝ որպես որակի ապահովման համակարգերի միջև համագործակցության և վստահության գործնական օրինակ, որը հնարավորություն է տալիս ճանաչման տարրերը ներառել գնահատման գործընթացում։
Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև, որ Հայաստանի որակի ապահովման համակարգը փուլային զարգացում է ապրել։ Սկզբնական փուլում ինստիտուցիոնալ հավատարմագրումը ծառայել է համակարգի ձևավորմանը և որակի մշակույթի կայացմանը, սակայն կրթական ծրագրերը մշտապես եղել են ուսումնասիրության կենտրոնում։ Մասնավորապես, ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում յուրաքանչյուր գործընթացում ուսումնասիրվում են երեք կրթական ծրագրեր՝ ներառելով ծրագրերի բովանդակության, իրականացման և ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման և հավաստման գործընթացների ուսումնասիրությունը։
Միևնույն ժամանակ, իրականացվում են քայլեր՝ ուղղված բոլոր կրթական ծրագրերի որակի ապահովման ուժեղացմանը, այդ թվում՝ ներքին աուդիտների միջոցով, ինչպես նաև կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձեռքբերման գնահատման վրա կենտրոնացման միջոցով։
Այս զարգացումները ձևավորում են հիմք ծրագրային հավատարմագրման առավել համակարգային իրականացման համար և նպաստում են որակավորումների ավտոմատ ճանաչման գործընթացների առավել վստահելի իրականացմանը։
Քննարկման ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց փորձով և դիտարկումներով՝ անդրադառնալով ներկայացված մոտեցումների կիրառման հնարավորություններին տարբեր երկրներում և համատեքստերում։
Նշենք, որ «Erasmus+ ARAQUA 2» ծրագիրը նպատակ ունի աջակցել բարձրագույն կրթության մուտքի որակավորումների ավտոմատ ճանաչման գործընթացի զարգացմանը՝ խթանելով տվյալների հավաքագրումը, փորձի փոխանակումը և համագործակցությունը ENIC/NARIC կենտրոնների ու բուհերի միջև։ Ծրագիրը հանդիսանում է ARAQUA (2022–2024 թթ.) նախաձեռնության շարունակությունը։ Ծրագրում ներգրավված են որակավորումների ճանաչման ոլորտում գործող կառույցներ ՀՀ-ից, Լատվիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Դանիայից, Վրաստանից, Խորվաթիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մալթայից, Սերբիայից և Միացյալ Թագավորությունից։