Նոյեմբերի 18–20-ը Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Որակի ապահովման եվրոպական ֆորումը (EQAF 2026)՝ համախմբելով շուրջ 400 մասնակցի՝ մոտ 40 երկրից։
Այս տարի ֆորումն տեղի է ունեցել «Որակի ապահովում՝ հանուն հմտությունների, ձեռներեցության և նորարարության. համագործակցություն աշխատաշուկայի հետ» խորագրով՝ միավորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների, որակի ապահովման գործակալությունների, ուսանողական կազմակերպությունների, հետազոտական և կրթական կառույցների ներկայացուցիչներին։
Ֆորումին մասնակցել են նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները՝ ներգրավվելով որակի ապահովման եվրոպական համակարգերի զարգացմանը, արդի մարտահրավերներին և նոր մոտեցումներին նվիրված մասնագիտական քննարկումներին։ Մասնակցությունը կարևոր հնարավորություն էր միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության ամրապնդման և Հայաստանում որակի ապահովման գործընթացների զարգացմանն ուղղված մոտեցումների քննարկման համար։
Ֆորումի առանցքում որակի ապահովման համակարգերի դերն էր բարձրագույն կրթության՝ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին արձագանքելու կարողությունների զարգացման, շրջանավարտների մասնագիտական կարողությունների ամրապնդման, նորարարության և ձեռներեցության խթանման, ինչպես նաև բուհերի և գործատուների համագործակցության ընդլայնման գործում։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ որակի ապահովումը չպետք է սահմանափակվի միայն կրթական գործունեության՝ սահմանված պահանջներին համապատասխանության գնահատմամբ, այլ պետք է նպաստի կրթական ծրագրերի շարունակական բարելավմանը, բուհերի՝ փոփոխվող պահանջներին արձագանքելու կարողությունների զարգացմանը և գործատուների ու այլ շահակիցների գործուն ներգրավմանը։ Միաժամանակ կարևորվել է աշխատաշուկայի պահանջներին արձագանքելու և բարձրագույն կրթության ակադեմիական արժեքներն ու հասարակական առաքելությունը պահպանելու միջև հավասարակշռության ապահովումը։
Ֆորումն ամփոփվել է «Որակի ապահովում՝ հանուն վաղվա հմտությունների» խորագրով լիագումար նիստով, որի ընթացքում եվրոպական կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ապագայի հմտությունների զարգացման, նորարարության խթանման և բարձրագույն կրթության ու աշխատաշուկայի համագործակցության հեռանկարներին։
Նշենք, որ Որակի ապահովման եվրոպական ֆորումը կազմակերպվում է Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA), Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA), Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) և Ուսանողների եվրոպական միության (ESU) կողմից։