Մարտի 30-ից ապրիլի 2-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Շիրակի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։ Խմբի անդամներն են Ֆրանսիայի Կլերմոն Օվերնի համալսարանի պրոֆեսոր, «Կենսաբանության մոլեկուլային և բջջային ասպեկտներ» հետազոտությունների ղեկավար Լյուդովիկ Բոնոմը, ԵՊՀ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն, ասիստենտ, կ.գ.թ. Հեղինե Գևորգյանը, ՃՇՀԱՀ Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի վարիչ, ԴԵԼՏԱՇԻՆ ՍՊԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Կոբելյանը, ՀՖՀ Կառավարում ֆակուլտետի ուսանող Խաչիկ Ավետիսյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, ստորաբաժանումների ղեկավարների, ՄԿԾ-ների պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների, որակի ապահովման պատասխանատուների, գործատուների ներկայացուցիչների հետ, իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Պարենամթերքի տեխնոլոգիա», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» և «Հողային և ջրային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2015-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, 2021-ին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։