Մայիսի 22-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի է ունեցել հանդիպում Գիտության, կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների, բուհերի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտորների և ծրագրի կոորդինատորների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Erasmus+ KPI4HEI ծրագրի շրջանակում մշակված կատարողականի արդյունքային ցուցանիշների (ԿԱՑ-երի) ներդրման հնարավորությունները բարձրագույն կրթության համակարգում և դրանց կիրառումը ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում։
ԿԱՑ-երը մշակվել են ՀՀ կառավարության կողմից սահմանված վեց ռազմավարական ուղղություններին համապատասխան․
- Որակյալ կադրերի պատրաստում (կանաչ և թվային կրթություն, կարողունակություններ, զբաղվածություն, ուսուցում ողջ կյանքի ընթացքում),
- Ազգային և միջազգային ներգրավվածություն,
- Հետազոտություն, զարգացում և նորարարություն,
- Հնարավորությունների հավասարություն,
- Ուսումնական միջավայրի որակ,
- Կառավարում, առաջնորդություն և գործառնական արդյունավետություն։
Ծրագրի շրջանակում մշակվել են բազմաթիվ ցուցանիշներ, որոնցից շուրջ 50-ը նախատեսվում է ներառել ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի ինքնավերլուծության փուլում։ Հանդիպման ընթացքում նշվեց, որ ցուցանիշների ներդրումը հնարավորություն կտա առավել համակարգված ձևով գնահատել բուհերի զարգացման ընթացքը, հասունության մակարդակը և բարելավման դինամիկան։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ ԿԱՑ-երը նախատեսված են ոչ միայն տվյալների հավաքագրման, այլև բուհերի ռազմավարական զարգացման արդյունավետության գնահատման համար։ Ցուցանիշների մի մասը գնահատում է բուհերում ներդրված համակարգերի և գործընթացների հասունությունը, իսկ մյուս մասը՝ դրանց զարգացման և բարելավման արդյունքները։
Քննարկվել է նաև ցուցանիշների կիրառման և ֆինանսավորման մեխանիզմների միջև կապը։ Նշվել է, որ յուրաքանչյուր բուհ իր առանձնահատկություններից ելնելով ինքնուրույն կսահմանի համապատասխան նպատակային ցուցանիշները և զարգացման ակնկալվող տեմպերը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա գնահատել բուհերի առաջընթացը՝ հաշվի առնելով դրանց մեկնարկային պայմաններն ու զարգացման ռազմավարությունները։
Մասնակիցները կարևորել են նաև տվյալահենք կառավարման մշակույթի ձևավորումը բուհերում։ Ընդգծվել է, որ ցուցանիշների համակարգված կիրառումը կնպաստի տվյալների հավաքագրման, վերլուծության և օգտագործման մշակույթի զարգացմանը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացում առավել օբյեկտիվ գնահատումների ապահովմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային փորձին՝ նշելով, որ որոշ երկրներում ցուցանիշների մշտադիտարկման արդյունքում իրականացվում են ազդեցության գնահատումներ և անհրաժեշտության դեպքում նաև արտաքին ուսումնասիրություններ՝ խնդիրների պատճառները հասկանալու նպատակով։
Քննարկման ընթացքում մասնակիցները նշել են, որ առանձին ցուցանիշներով միշտ չէ, որ հնարավոր է ամբողջական պատկեր ստանալ, ուստի կարևոր է տարբեր ցուցիչների համադրված վերլուծությունը։ Ընդգծվել է նաև, որ տվյալների հավաքագրումը պետք է դիտարկել որպես բուհի կառավարման և զարգացման կարևոր գործիք։
Կարևոր է նաև նշել, որ KPI4HEI ծրագրի շրջանակում կոնսորցիումի անդամ բուհերում արդեն իրականացվել են որոշ ցուցանիշների պիլոտային փորձարկումներ, մշակվել են համապատասխան գործիքներ և Excel ձևաչափեր, որոնք օգնել են գնահատել մեթոդաբանության կիրառելիությունն ու կատարելագործման անհրաժեշտ ուղղությունները։