Հուլիսի 3-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը՝ ծրագրային հավատարմագրման գործընթացում գտնվող բժշկական քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Աշխատաժողովին մասնակցել են Գավառի, Կապանի բժշկական, Կոտայքի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջների ներկայացուցիչները։
Հանդիպման առանցքում կրթական ծրագրերի քարտեզագրման գործընթացն էր՝ որպես ծրագրային հավատարմագրման կարևորագույն գործիքներից մեկը։ Մասնակիցները ներկայացրին իրենց մշակած կրթական ծրագրերի քարտեզագրումները և ստացան մասնագիտական հետադարձ կապ ՈԱԱԿ-ի մասնագետներից։
Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց քարտեզագրման կառուցվածքին, դրա մշակման սկզբունքներին, դասընթացների և ծրագրի վերջնարդյունքների միջև կապի հստակ արտացոլմանը, ինչպես նաև գնահատման համակարգի կազմակերպման հարցերին։ Քննարկվեցին գործող գնահատման մոտեցումները, դրանց համապատասխանությունը կրթական ծրագրի վերջնարդյունքներին և հնարավոր բարելավման ուղղությունները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ծրագրային հավատարմագրման հիմնական գաղափարին՝ ապահովելու, որ կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողին ձևավորել և ցուցադրել ծրագրով նախատեսված բոլոր վերջնարդյունքները։ Այս համատեքստում ընդգծվեց, որ յուրաքանչյուր դասընթաց պետք է հստակ ներդրում ունենա ծրագրի վերջնարդյունքների ձևավորման գործում, իսկ կիրառվող գնահատման մեթոդները պետք է հնարավորություն տան արժանահավատորեն գնահատել դրանց ձեռքբերման աստիճանը։
Ամփոփելով՝ ընդգծվել է, որ ծրագրային հավատարմագրման նպատակը վստահության ձևավորումն է առ այն, որ յուրաքանչյուր շրջանավարտ տիրապետում է մասնագիտության համար անհրաժեշտ նվազագույն կարողություններին, իսկ կրթական հաստատությունը կարող է հիմնավորել և ապացուցել դրանց ձեռքբերումը։