Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագծի երեք ուսանողներ մրցութային ընտրության արդյունքում ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում։
ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ամեն տարի ընդգրկվում է շուրջ 90–100 ուսանող տարբեր եվրոպական երկրներից։ Նրանք հնարավորություն են ստանում մասնակցելու որակի ապահովման լայնածավալ գործընթացների՝ սկսած բուհերի արտաքին գնահատումից մինչև որակի ապահովման գործակալությունների գնահատում։
Նշենք, որ Հայաստանից ընտրված ուսանողները մինչ այս ակտիվորեն ներգրավված են եղել ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրման գործընթացներում՝ որպես ուսանող-փորձագետներ։ ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելը նրանց հնարավորություն է տալիս իրենց փորձը կիրառել միջազգային ասպարեզում և միջազգային փորձն էլ տարածել իրենց ուսումնական հաստատություններում։
Հայաստանը ESU որակի ապահովման խմբում առաջիկա տարվա ընթացքում կներկայացնեն․
- Արթուր Դավթյան – Երևանի պետական համալսարանի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի ուսանող ներկայացուցիչ։ Արթուր Դավթյանը Եվրոպական ուսանողական միությունում Հայաստանը ներկայացրել է նաև նախորդ երեք տարիներին, իսկ այս տարի վերընտրվել է արդեն չորրորդ անգամ,
- Մարիա Կիրակոսյան – Հայաստանի եվրոպական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող։ Մարիա Կիրակոսյանը Եվրոպական ուսանողական միությունում Հայաստանը ներկայացրել է նաև նախորդ տարի, իսկ այս տարի վերընտրվել է արդեն երկրորդ անգամ,
- Վահե Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող։
Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման ուսանող-փորձագետների բազան լավագույն ուսանողական հարթակն է միջազգային փորձ ձեռք բերելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և իրական փոփոխությունների մաս դառնալու համար։
Նշենք՝ մինչ այս «Ուսանողության ձայն» ծրագրի ութ ուսանող-փորձագետներ տարբեր տարիների անդամակցել են ESU ուսանող-փորձագետների բազային և հաջողությամբ մասնակցել միջազգային գնահատումների։