Նոյեմբերի 12-ին Ն. Աճեմյանի անվան Երևանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Էրազմուս+ QA4VET «Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ընդգծելով QA4VET ծրագրի նշանակությունը ՄԿՈՒ հաստատություններում որակի ներքին ապահովման կարողությունների զարգացման, հաստատությունների միջև փորձի փոխանակման և շարունակական բարելավման մշակույթի ամրապնդման տեսանկյունից։
Այնուհետև Ռուբեն Թոփչյանը հանդես է եկել «Որակի ապահովումը Հայաստանի ՄԿՈՒ համակարգում․ բարեփոխումների օրակարգը և հիմնական մարտահրավերները» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով ՄԿՈՒ որակի ապահովման համակարգի զարգացման ընթացքը, հավատարմագրման գործընթացների արդյունքները և հետագա առաջնահերթությունները։ Ելույթի ընթացքում նա կարևորել է հավատարմագրման առաջին շրջափուլի դերը քոլեջներում որակի ապահովման թիմերի ձևավորման, ինքնագնահատման կարողությունների զարգացման և որակի ապահովման գործընթացների համակարգման գործում։
Անդրադառնալով համակարգի հետագա զարգացմանը՝ առանձնացվել են մի շարք առաջնահերթություններ՝
- Ծրագրային հավատարմագրման ընդլայնում՝ շեշտադրելով կրթական ծրագրերի խորքային գնահատումը, ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերումը, դասավանդման և գնահատման մեթոդների արդյունավետությունը և ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորումը։
- Կրթական ծրագրերի վերանայում և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցում՝ կարևորելով ծրագրերի պարբերական գնահատումը, մասնագիտական ոլորտներում առկա խնդիրների բացահայտումը և կլաստերային հավատարմագրման հնարավորությունների դիտարկումը։
- Կառավարման արդյունավետության բարձրացում՝ ընդգծելով փաստերի վրա հիմնված որոշումների կայացման, դասախոսական կազմի մասնագիտական զարգացման և հաստատությունների գործունեության արդյունքների գնահատման կարևորությունը։
- Որակի ներքին ապահովման համակարգերի ամրապնդում՝ կարևորելով քոլեջների կարողությունը՝ ինքնուրույն բացահայտելու խնդիրները, իրականացնելու բարելավումներ և գնահատելու դրանց արդյունավետությունը։
- Գործնական ուսուցման և դուալ կրթության արդյունավետության բարձրացում՝ շեշտադրելով ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը և աշխատավայրում ուսումնառության որակի ապահովումը։
- Միջազգային համագործակցության զարգացում՝ կարևորելով եվրոպական փորձի ուսումնասիրությունը և միջազգային ծրագրերի արդյունքների կիրառումը ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացման նպատակով։
Նա կարևորել է փորձնական հավատարմագրման կիրառումը ոչ միայն որպես արտաքին հավատարմագրմանը նախապատրաստվելու միջոց, այլև որպես հաստատությունների որակի ներքին ապահովման ինքնուրույն գործիք, որը հնարավորություն է տալիս գնահատելու կրթական ծրագրերն ու առանձին գործընթացները, բացահայտելու բարելավման կարիքները և հետևելու իրականացված փոփոխությունների արդյունավետությանը։
ՈԱԱԿ-ի մասնակցության կարևոր ուղղություններից էր նաև QA4VET ծրագրի շրջանակում մշակված փորձնական (Mock) հավատարմագրման ձեռնարկի և դրա շարունակական կիրառման հեռանկարների ներկայացումը։
ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը ներկայացրել է ձեռնարկի շրջանակում մշակված մեթոդաբանությունը, փորձնական հավատարմագրման արդյունքները և դրա հետագա կիրառման հնարավորությունները՝ կարևորելով Mock հավատարմագրման ներդրումը որպես հաստատությունների որակի ներքին ապահովման, կրթական ծրագրերի գնահատման և շարունակական բարելավման գործիք։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև երկու պանելային քննարկումներ։
«Հաստատությունների տեսակետը․ փորձնական հավատարմագրման ազդեցությունը և ՓՀՁ օգտագործման հեռանկարը» խորագրով առաջին քննարկմանը մասնակցել են քոլեջների ղեկավարներ, որակի ապահովման մասնագետներ և ներքին փորձագետներ։ Քննարկվել են փորձնական հավատարմագրման արդյունքների հիման վրա բարելավումների իրականացումը, ձեռք բերված փորձի կիրառումը կրթական ծրագրերի գնահատման գործընթացներում, բարելավումների արդյունավետության գնահատումը և ծրագրի ավարտից հետո գործիքակազմի ինքնուրույն ու շարունակական օգտագործման հնարավորությունները։
«Ուսանողների ձայնը որակի ապահովման և փորձնական հավատարմագրման գործընթացներում» խորագրով երկրորդ պանելային քննարկումը վարել է ՈԱԱԿ-ի Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, «Ուսանողի ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանը։ Քննարկմանը մասնակցած ուսանողներն ու շրջանավարտներն անդրադարձել են փորձնական հավատարմագրման իրենց փորձառությանը, կրթության որակի բարելավման առաջնահերթություններին և որոշումների կայացման գործընթացներում ուսանողների մասնակցության կարևորությանը։ Շեշտադրվել է նաև ուսանողների հետադարձ կապի դերը իրականացված բարելավումների արդյունավետության գնահատման գործում։
Քննարկումների առանցքային ուղերձն այն էր, որ փորձնական հավատարմագրման իրական ազդեցությունը պետք է արտահայտվի հաստատությունների գործունեության, կրթական ծրագրերի և ուսանողների ուսումնառության որակի բարելավմամբ։
QA4VET ծրագրի ամփոփիչ համաժողովը հնարավորություն է ընձեռել ներկայացնելու ծրագրի ձեռքբերումները, համադրելու միջազգային և տեղական փորձը և նախանշելու փորձնական հավատարմագրման՝ որպես ՄԿՈՒ հաստատությունների որակի ներքին ապահովման և շարունակական բարելավման գործիքի հետագա կիրառման ուղղությունները։