Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ակադեմիական բարեվարքության համաշխարհային ցանցի (GAIN) հերթական հանդիպումը։ Ցանցի անդամ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից (ՈԱԱԿ) հանդիպմանը մասնակցել է Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Հանդիպման առանցքում ակադեմիական բարեվարքության խախտման տարբեր դրսևորումներն էին և դրանց արձագանքելու միջազգային փորձը։ Լիտվայի Ակադեմիական էթիկայի և ընթացակարգերի պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչը կիսվել է ուսանողների փոխարեն պատվերով կատարվող աշխատանքների վերաբերյալ փորձագիտական հարցազրույցներից ստացված տվյալներով, ինչպես նաև ներկայացրել առկա կարգավորումների փոփոխության նախաձեռնությունները։
Իտալիայի ակադեմիական շարժունության տեղեկատվական կենտրոնի (CIMEA) ներկայացուցիչն անդրադարձել է կեղծ կրթական կազմակերպություններին և կեղծ որակավորումները հավաստող փաստաթղթերին։ Ելույթը վերաբերել է կրթության ոլորտում խարդախության հետևանքներին և այդ խնդիրների ուղղությամբ CIMEA-ի աշխատանքին։
Առանձին քննարկման թեմա է եղել ակադեմիական բարեվարքությունն արհեստական բանականության դարաշրջանում։ Այս թեմայով ելույթով հանդես է եկել Ակադեմիական բարեվարքության միջազգային կենտրոնի պատվավոր նախագահ Թրիշա Բերթրամ Գալանտը։
Հանդիպման ընթացքում իռլանդական Իռլանդիայի որակի ապահովման և որակավորումների ճանաչման (QQI) գործակալությունը ներկայացրել է իր փորձառությունը ակադեմիական ազնվության պահպանման ուղղությամբ։
Մասնակիցները նաև ողջունել են ցանցի նոր համանախագահ Բեն Շուլցին՝ Ավստրալիայի Մասնագիտական կրթության որակի ապահովման գործակալությունից (TEQSA)։