Երևանի պետական համալսարանում մեկնարկել է շուրջ 70 կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացը, որն իրականացվում է ՈԱԱԿ-ի հետ համագործակցությամբ։ Գործընթացի առաջին փուլը մեկնարկել է Արևելագիտության կրթական ծրագրերի կլաստերով։
Սա կարևոր քայլ է բարձրագույն կրթության համակարգի համար․ Հայաստանի ամենամեծ բուհը կրթական ծրագրերի որակը դարձնում է իր զարգացման օրակարգի մաս և կարևորում դրանց մասնագիտական, համակարգված ու անկախ գնահատումը։
Գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով հունիսի 3-ին ԵՊՀ-ում ՈԱԱԿ-ը կազմակերպել է աշխատաժողով՝ Արևելագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերի ինքնավերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի, ամբիոնների ներկայացուցիչների և դասախոսների մասնակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց, թե ինչպես կարող է կրթական ծրագիրը ավելի հստակ ներկայացնել իր առաքելությունը, շրջանավարտի ակնկալվող կարողությունները և այն ուղին, որով ուսանողը հասնում է այդ արդյունքներին։
Առանձնակի կարևորվեց այն մոտեցումը, որ կրթական ծրագիրը միայն առանձին դասընթացների ամբողջություն չէ։ Այն պետք է դիտարկվի որպես ուսանողի մասնագիտական ձևավորման ամբողջական ճանապարհ, որտեղ յուրաքանչյուր դասընթաց ունի իր հստակ դերը ընդհանուր արդյունքի ապահովման գործում։
Կլաստերային մոտեցումը հնարավորություն է տալիս նախ տեսնել կրթական ծրագրերի ընդհանուր պատկերը, դրանց ընդհանրություններն ու զարգացման ուղղությունները, այնուհետև անցնել յուրաքանչյուր ծրագրի առավել մանրամասն դիտարկմանը։
ՈԱԱԿ-ԵՊՀ համագործակցությունը շարունակվելու է աշխատաժողովների և մասնագիտական քննարկումների շարքով՝ աջակցելու կրթական ծրագրերի ինքնավերլուծությանը, քարտեզագրմանը և որակի շարունակական բարելավմանը։
Կրթության որակը սկսվում է կրթական ծրագրից։ ԵՊՀ-ի այս գործընթացը ցույց է տալիս, որ ծրագրերի որակը դառնում է բուհի զարգացման կարևոր առաջնահերթություն։