Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) մարտի 4–5-ին տեղի ունեցավ փորձագետների վերապատրաստման հերթական դասընթացը։ Վերապատրաստման նպատակն է ընդլայնել փորձագիտական բազան՝ ներգրավելով մասնակիցներին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներում։ Նշենք, որ 2026 թվականին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 ՄԿՈՒ հավատարմագրման գործընթաց, որոնցից 5-ը՝ ծրագրային, իսկ 10-ը՝ ինստիտուցիոնալ։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները, իրենց մասնագիտական փորձից ելնելով, վերլուծեցին կրթական ծրագրերի վերջնարդյունքները, քննարկեցին այն հիմնական «կարմիր գծերը», առանց որոնց ուսանողը չի կարող համարվել տվյալ ոլորտի մասնագետ։
Քննարկումների ընթացքում փորձագետները ներկայացրին նաև իրենց մոտեցումները՝
- ինչպե՞ս գնահատել կրթական ծրագրերի արդյունավետությունը,
- ի՞նչ փաստաթղթեր և տվյալներ ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ուսանողները ձեռք են բերում նախատեսված վերջնարդյունքները։
Վերապատրաստման երկրորդ օրը կազմակերպվեցին դերային խաղեր՝ միկրո փորձագիտական այցի ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդես գալ որպես փորձագետներ, հանդիպումներ ունենալ դասախոսական կազմի հետ և քննարկել ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորման ճանապարհային քարտեզը։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ բուհերի և քոլեջների ներկայացուցիչների համար՝ նպաստելով փորձագիտական ներուժի զարգացմանը հայաստանյան ուսումնական հաստատություններում և ընդլայնելով ՈԱԱԿ փորձագիտական բազան։