Մինչև հուլիսի 16-ը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները կարող են դիմել՝ անդամակցելու Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազային
Սա բացառիկ հնարավորություն է մասնակից դառնալու կրթության որակի ապահովման գործընթացներին միջազգային մակարդակով։
Ի՞նչ է ESU ուսանող-փորձագետների բազան
ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազան մի հարթակ է, որտեղ ուսանողները ներգրավվում են տարբեր մակարդակների գնահատման գործընթացներում՝ մասնավորապես՝
- Բարձրագույն կրթության հաստատությունների արտաքին գնահատում,
- Որակի ապահովման ազգային և միջազգային գործակալությունների վերլուծություն,
- Կրթական քաղաքականության ձևավորմանն ուղղված քննարկումներ:
ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ամեն տարի ընդգրկվում է շուրջ 90–100 ուսանող տարբեր եվրոպական երկրներից։ Նրանք հնարավորություն են ստանում մասնակցելու որակի ապահովման լայնածավալ գործընթացների՝ սկսած բուհերի արտաքին գնահատումից մինչև որակի ապահովման գործակալությունների գնահատում։
Նշենք, որ Հայաստանից ընտրված ուսանողները մինչ այս ակտիվորեն ներգրավված են եղել ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրման գործընթացներում՝ որպես ուսանող-փորձագետներ։ ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելը նրանց հնարավորություն է տալիս իրենց փորձը կիրառել միջազգային ասպարեզում և միջազգային փորձն էլ տարածել իրենց ուսումնական հաստատություններում։
Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման ուսանող-փորձագետների բազան լավագույն ուսանողական հարթակն է միջազգային փորձ ձեռք բերելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և իրական փոփոխությունների մաս դառնալու համար։ Այստեղ ոչ միայն սովորում ես, այլև քո ձայնը լսելի ես դարձնում կրթական բարելավումների համար։
Այն նոր հնարավորությունների և մարտահրավերների մասին է, իսկ ցանկացած մարտահրավեր ևս մեկ քայլ առաջ գնալու հնարավորություն է։
Եղիր բաց նոր փորձի նկատմամբ, պատրաստ սովորել և նույնքան պատրաստ կիսվել սեփական գիտելիքով՝ ի նպաստ համընդհանուր բարելավման։
Արժե՞ դիմել
Եթե հետաքրքրված ես կրթության որակով, ուզում ես լսելի դարձնել ուսանողական ձայնը եվրոպական մակարդակում, ձեռք բերել նոր փորձ ու հմտություններ՝ սա հիանալի հնարավորություն է։
Մինչ այսօր ՈԱԱԿ-ի 8 ուսանող-փորձագետներ արդեն իսկ ընդգրկվել են ESU-ի այս բազայում՝ մասնակցելով միջազգային գնահատումներին ու ներկայացնելով Հայաստանի ուսանողական համայնքը։
Հիմա քո հերթն է։
Նշենք՝ այս պահին բաց է 2026/2027 թթ. անդամակցության համար հայտադիմումների ընդունման փուլը։ Դիմումների վերջնաժամկետն է հուլիսի 16-ը։