Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում մեկնարկել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախնական գնահատման գործընթացը: Նոյեմբերի 3-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել փորձագիտական խմբի առաջին աշխատանքային հանդիպումը ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատարի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի, համակարգողի և փարձագիտական խմբի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական գնահատման կազմակերպման և փորձագիտական խմբի աշխատանքների պլանավորման հիմնական մոտեցումները՝ հաշվի առնելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության առանձնահատկությունները։
Քննարկման հիմնական թեմաներն էին՝
- փորձագիտական խմբի աշխատանքների պլանավորումը և նախնական գնահատման հիմնական ուղղությունները,
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության, մասնավորապես՝ մանկավարժ-մարզիչների պատրաստման առանձնահատկությունները,
- կրթական ծրագրերի բովանդակության, դասավանդման և գնահատման մեթոդների ու ուսումնառության վերջնարդյունքների փոխկապակցվածությունը,
- ինստիտուտի կրթական գործունեության և սպորտի ոլորտի մասնագիտական պահանջների փոխկապակցվածությունը։
Հանդիպման արդյունքում նախանշվել են փորձագիտական խմբի հետագա աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնք հիմք կծառայեն ինստիտուտի ինքնավերլուծության ուսումնասիրության և արտաքին գնահատման հաջորդ փուլերի համար։
Նախնական գնահատման հանդիպումը կարևոր փուլ է, որը հնարավորություն է տալիս լիարժեք նախապատրաստել փորձագիտական այցը և ապահովել գործընթացի արդյունավետ իրականացումը։