2026 թվականի մարտի 24-ին տեղի ունեցավ «eCAMPUS․ Սոցիալական հեռավորությունը պահպանող և ներառական էլեկտրոնային համալսարանական կրթության խթանում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում» Էրազմուս+ ծրագրի շրջանակում առցանց աշխատաժողով՝ նվիրված թվային ուսուցման, ուսումնառության և գնահատման որակի ներքին ապահովման մոտեցումներին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից՝ ծրագրի համակարգող Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։
Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանը՝ ընդգծելով ՀՀ բուհերում թվային ուսուցման որակի ապահովման միասնական և համակարգված մոտեցումների ձևավորման անհրաժեշտությունը։ Այնուհետև ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց eCAMPUS ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները՝ շեշտադրելով դրանց դերակատարումը բուհերում ներքին որակի ապահովման կարողությունների զարգացման գործընթացում։
Աշխատաժողովի առանցքային բաղադրիչը եվրոպական լավագույն փորձի ներկայացումն էր։ Մասնակիցներին ներկայացվեցին Շվեդիայի, Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի գործընկեր համալսարանների փորձերը՝ թվային ուսուցման որակի ապահովման համակարգերի զարգացման ոլորտում։ Ներկայացված մոտեցումները հնարավորություն տվեցին համեմատական վերլուծության միջոցով վերաիմաստավորել տեղական կիրառելիության հնարավորությունները։
Քննարկումների ընթացքում արձանագրվեց, որ թվային կրթությունն այլևս չի դիտարկվում որպես լրացուցիչ բաղադրիչ, այլ հանդիսանում է բարձրագույն կրթության համակարգի անբաժանելի և ինտեգրված մաս։ Միևնույն ժամանակ ընդգծվեց COVID-19 համավարակի ընթացքում ձևավորված փորձի համակարգված ուսումնասիրման կարևորությունը՝ որպես հետագա կրթական քաղաքականությունների ձևավորման հիմք։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև արհեստական բանականության կիրառման աճող դերին թվային կրթության համակարգում։ Նշվեց, որ այն կարող է էականորեն նպաստել ուսուցման բովանդակության մշակմանը, ուսանողների առաջադիմության վերլուծությանը և գնահատման գործընթացների արդյունավետությանը։ Միաժամանակ ընդգծվեցին առկա ռիսկերը՝ կապված ակադեմիական ազնվության ապահովման, գնահատման վստահելիության և տվյալների պաշտպանության հետ։ Այս համատեքստում կարևորվեց, որ արհեստական բանականության կիրառումը պետք է իրականացվի հստակ մեթոդաբանական մոտեցումների և որակի ապահովման համապատասխան մեխանիզմների շրջանակում։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացված փորձը հիմք է ստեղծում Հայաստանի բուհերում կիրառվող մոտեցումների բենչմարքինգի իրականացման համար և նպաստում է թվային կրթության ոլորտում արդյունավետ լուծումների փոխանակմանը։ Միևնույն ժամանակ այն դիտարկվում է որպես մեկնարկային կարևոր հարթակ՝ թվային ուսուցման որակի ապահովման համակարգված գործընթացների ձևավորման և զարգացման համար։
Նշենք՝ աշխատաժողովին մասնակցում էին ինչպես eCAMPUS ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ՝ փորձի փոխանակման, համեմատական վերլուծության և լավագույն փորձի տարածման նպատակով։