Հունիսի 15-18-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:
Փորձագիտական խմբի անդամներն են ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի Միջազգային նախագծերի ուղղությամբ փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Ասցատրյանը, Երևանի պետական համալսարանի ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, Էլինա Ասրիյանը, Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի պրոռեկտոր, Ռազմական ակադեմիաների ֆեդերացիայում ասպիրանտական դպրոցի խորհրդի նախագահ, անվտանգության գիտությունների պրոֆեսոր Բարտլոմեյ Պաչեկը, Ռումինիայի «Կառլոս I» ազգային պաշտպանության համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, ռազմական կրթության և պաշտպանության ոլորտի ՆԱՏՕ փորձագետ, ՆԱՏՕ DEEP-Հայաստան ծրագրի ակադեմիական ղեկավար, դոկտոր Ստան Անտոնը, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Հովհաննիսյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել ՊՆ ներկայացուցիչների, ՌԱ պետի, պետի տեղակալների, գործատուների, շրջանավարտների, ինստիտուտների և ֆակուլտետների պետերի, ամբիոնների պետերի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Գ և ԿՈԱ բաժնի ներկայացուցիչների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, կուրսանտների հետ, իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Թռչող ապարատների շարժիչներ», «Հետախուզական ստորաբաժանումների կառավարում», «Հրետանային զորամիավորումների և զորամասերի կառավարում» ՄԿԾ-ների պատասխանատուների, դասավանդող կազմի և կուրսանտների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: