Հոկտեմբերի 28-30-ը   ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում  Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջում:    
Փորձագիտական խմբի նախագահն է  ԵԹԿՊԻ  պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը: Խմբի մյուս անդամներն են Շիրակի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ավետիսյանը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի Երաժշտության ամբիոնի վարիչ  Մարիամ Հովհաննիսյանը և ԵԹԿՊԻ ուսանող Վովա Արզումանյանը։  Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը։  
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին  քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:     
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների,  գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և ամբիոնների վարիչների, ուսանողների ներկայացուցիչների հետ,  իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։  
Նախատեսված է նաև  հանդիպում որակի ապահովման  պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:   
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Երգեցողություն»  «Երաժշտության տեսություն»   և  «Գործիքային կատարողական արվեստ» կրթական ծրագրերի պատախանատուների,  դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:   
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը:  Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:    
 Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը,  ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ,  որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին  հավատարմագրում շնորհելու  կամ հավատարմագրումը մերժելու մասին: 
 
                                
                                
                                
  
                                        