Հավատարմագրման արդյունքում բուհերը ոչ միայն սկսել են ավելի հստակ բացահայտել իրենց խնդիրները, այլև դրանց լուծումը ներառել զարգացման ծրագրերում, իրականացնել ներքին աուդիտներ, հատկացնել ռեսուրսներ և վերանայել կրթական ծրագրերի գնահատման մոտեցումները։ Այս փոփոխությունները և դրանց հետագա զարգացման հնարավորությունները քննարկվել են հոկտեմբերի 9-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ)՝ ՀՀ բուհերի պրոռեկտորների մասնակցությամբ կայացած հանդիպմանը։
Քննարկման նպատակն էր գնահատել, թե հավատարմագրման գործընթացներն ինչ իրական ազդեցություն են ունեցել բուհերի կառավարման, կրթական ծրագրերի և որակի ներքին ապահովման համակարգերի զարգացման վրա, ինչպես նաև բացահայտել որակի արտաքին ապահովման հետագա կատարելագործման ուղղությունները։
Առաջին հավատարմագրումից դեպի համակարգային բարելավումներ
Հանդիպման ընթացքում բուհերի ներկայացուցիչները ներկայացրին հավատարմագրման տարբեր շրջափուլերում իրենց հաստատությունների արձանագրած փոփոխությունները։ Նրանց դիտարկումներով՝ եթե առաջին հավատարմագրման փուլում հիմնական ջանքերն ուղղված էին պահանջների ընկալմանը, խնդիրների բացահայտմանը և գործընթացների փաստաթղթավորմանը, ապա հաջորդ փուլերում առավել մեծ ուշադրություն է դարձվել բացահայտված խնդիրների լուծմանը, բարելավումների պլանավորմանն ու դրանց արդյունքների գնահատմանը։
Ներկայացված փորձը ցույց տվեց, որ փորձագիտական խորհրդատվությունները մի շարք հաստատություններում դարձել են ոչ միայն առանձին թերությունների վերացման, այլև ռազմավարական որոշումների և զարգացման ծրագրերի մշակման հիմք։
Մասնավորապես, բուհերի ներկայացուցիչներն անդրադարձան հավատարմագրման առաջարկությունների հիման վրա իրականացվող փոփոխություններին, կրթական ծրագրերի բարելավման համար ֆինանսական միջոցների հատկացմանը, միջազգային փորձագետների ներգրավմանը և ներքին աուդիտների իրականացմանը։ Ներկայացվեցին նաև օրինակներ, երբ փորձագիտական խորհրդատվություններն արտացոլվել են հաստատությունների և ոլորտային զարգացման ծրագրերում։
Այսպիսով, քննարկման ընթացքում ուրվագծվեց որակի ապահովման զարգացման կարևոր անցումը՝ պահանջներին համապատասխանությունը փաստաթղթավորելուց դեպի խնդիրների համակարգային բացահայտում, դրանց լուծման իրականացում և արդյունքների գնահատում։
Ներքին աուդիտից դեպի ուսումնառության վերջնարդյունքների հավաստում
Քննարկման կարևոր ուղղություններից էր կրթական ծրագրերի որակի ապահովման զարգացումը։
Անդրադարձ կատարվեց վերջին տարիներին իրականացվող կրթական ծրագրերի ներքին աուդիտներին, ծրագրային հավատարմագրման գործընթացներին և դրանցում վերջնարդյունահենք մոտեցումների ամրապնդմանը։
Ընդգծվեց, որ կրթական ծրագրերի որակի գնահատման առանցքում պետք է լինի ոչ միայն ուսումնառության վերջնարդյունքների հստակ ձևակերպումը, այլև դրանց փաստացի ձեռքբերման հավաստումը։ Այս նպատակով կարևորվեցին գնահատման ռուբրիկների մշակումը, ուսանողների ձեռքբերումների վերաբերյալ ապացույցների վերլուծությունը և դասավանդման, ուսումնառության ու գնահատման մեթոդների փոխհամապատասխանության ապահովումը։
Բուհերի ներկայացուցիչները ներքին աուդիտները դիտարկեցին որպես կրթական ծրագրերի պարբերական գնահատման և բարելավման կարևոր գործիք։ Միաժամանակ առանձնացվեցին դրանց արդյունավետ իրականացման համար մասնագիտական ներուժի զարգացման, համապատասխան փորձագետների ընտրության և կրթական ծրագրերի ղեկավարների պատասխանատվության հստակեցման անհրաժեշտությունը։
ՈԱԱԿ–բուհ համագործակցությունը՝ գնահատումից դեպի զարգացման աջակցություն
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ՈԱԱԿ-ի դերի փոփոխությունը հավատարմագրման գործընթացների զարգացման համատեքստում։
Բուհերի ներկայացուցիչների գնահատմամբ՝ հավատարմագրումներին նախորդող աշխատաժողովները նպաստել են գործընթացների և պահանջների առավել խորքային ընկալմանը, իսկ փորձագիտական խորհրդատվությունները՝ հաստատությունների զարգացման առաջնահերթությունների հստակեցմանը։
Մասնակիցներից մի քանիսն ընդգծեցին, որ ՈԱԱԿ-ն ավելի շատ է ընկալվում որպես որակի բարելավման գործընկեր։ Միաժամանակ կարևորվեց բուհերի ինքնավարության և սեփական զարգացման համար պատասխանատվության պահպանումը։
Քննարկման ընթացքում շեշտվեց, որ որակի արտաքին ապահովման արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն գնահատման արդյունքում բացահայտված խնդիրներով, այլև նրանով, թե ինչպես են բուհերն օգտագործում այդ արդյունքները և ինչ աջակցություն են ստանում բարելավումների իրականացման ընթացքում։
Այս համատեքստում կարևորվեցին փորձագիտական խորհրդատվությունների հիման վրա համակարգային և թեմատիկ վերլուծությունների իրականացումը, բուհերի հաջողված փորձի տարածումը, բուհերի կարողությունների շարունակական զարգացումը և մեթոդական աջակցությունը։
Որակի արտաքին ապահովման զարգացման հաջորդ ուղղությունները
Քննարկվեցին նաև որակի արտաքին ապահովման համակարգի հետագա զարգացման հնարավորությունները՝ ծրագրային հավատարմագրման ընդլայնում, միջազգային գործընկեր գործակալությունների հետ համատեղ հավատարմագրումներ և տարբեր մասնագիտական ոլորտների առանձնահատկությունների հաշվառում։
Հանդիպման արդյունքներն ընդգծեցին, որ հավատարմագրման ազդեցությունը պետք է գնահատել ոչ միայն գործընթացի ավարտով կամ ստացված կարգավիճակով, այլև բուհերում իրականացված փոփոխություններով, դրանց կայունությամբ և կրթության որակի վրա ունեցած ազդեցությամբ։
Բուհերի ներկայացուցիչների ներկայացրած փորձը, դիտարկումներն ու առաջարկները ՈԱԱԿ-ի համար հիմք կհանդիսանան հավատարմագրման արդյունավետության հետագա վերլուծության, մեթոդական աջակցության առաջնահերթությունների հստակեցման և որակի արտաքին ապահովման գործընթացների կատարելագործման համար։