Վստահությունը ձևավորվում է, երբ գնահատման գործընթացը թափանցիկ է, համագործակցային և հիմնված մասնագիտական համատեղ աշխատանքի վրա։ Այս տրամաբանությամբ ՈԱԱԿ-ը ENQA անդամ եվրոպական գործակալությունների հետ իրականացնում է համատեղ հավատարմագրումներ՝ մեկ գործընթացում համադրելով ազգային կրթական համատեքստը և եվրոպական որակի ապահովման մոտեցումները։
Համատեղ հավատարմագրումը ENQA-ի կողմից դիտարկվում է որպես միջսահմանային որակի ապահովման (cross-border QA) արդյունավետ մոդել։
Ապրիլի 22-24-ը Բուդապեշտում կայացած ENQA Մասնակիցների ընդհանուր ժողովում ՈԱԱԿ-ը և գերմանական AQAS ՈԱ գործակալությունը ներկայացրել են այս մոդելը՝ որպես գործնականում փորձարկված և վստահություն ձևավորող մոտեցում։ Մոդելը ներկայացվել է առանձին քննարկման ընթացքում, որը կազմակերպվել է երկու անգամ՝ տարբեր երկրների մասնակիցներին հնարավորություն տալով հարցեր ուղղելու, քննարկելու և դիտարկելու համատեղ հավատարմագրման կիրառելիությունը տարբեր կրթական համատեքստերում։
Ինչո՞ւ է այս մոտեցումը կարևոր
- Հրավեր պետության կողմից
Եվրոպական գործակալությունը ներգրավվում է պետության կողմից լիազորված ազգային գործակալության՝ ՈԱԱԿ-ի հրավերով։
- Համատեղ գնահատում
Ձևավորվում է մեկ փորձագիտական խումբ, որտեղ տարբեր երկրների փորձագետները միասին ուսումնասիրում են փաստերը, վերլուծում արդյունքները և ձևավորում համատեղ եզրակացություններ
- Ազգային համատեքստի և եվրոպական փորձի համադրում
Գնահատման ընթացքում հաշվի են առնվում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկությունները և եվրոպական որակի ապահովման մոտեցումները, ինչի արդյունքում գնահատումը դառնում է ավելի համատեքստային և կիրառելի։
- Համատեքստին բնորոշ խորհրդատվություններ
Խորհրդատվությունները ձևավորվում են համակարգի առանձնահատկությունների հիման վրա, ինչի արդյունքում դրանք ավելի գործնական են և ուղղված իրական բարելավմանը։
- ESG-ի մեկնաբանություն ազգային համատեքստը հաշվի առնելով
Չափանիշները չեն կիրառվում մեխանիկորեն, այլ մեկնաբանվում են կոնկրետ երկրի կրթական միջավայրում։
Մոտեցումը ձևավորվել և զարգացել է փուլային կերպով
- 2017 թվականին մոդելը փորձարկվել է գերմանական ASIIN գործակալության հետ։
- 2023 թվականին կիրառվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ հավատարմագրման գործընթացում՝ ֆրանսիական HCERES գործակալության հետ։
- 2025 թվականին նույն մոտեցմամբ իրականացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային համատեղ հավատարմագրումը՝ գերմանական AQAS գործակալության հետ։
Արդյունքում հայկական բուհերը ստանում են և՛ տեղական, և՛ միջազգային առումով վստահելի գնահատում, որը նպաստում է բարձրագույն կրթության միջազգայնացմանը և վստահության աճին։