Հունիսի 9-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել աշխատաժողով՝ ծրագրային հավատարմագրման գործընթացում գտնվող բժշկական քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման առանցքում եղել են կրթական ծրագրերի «կարմիր գծերը»՝ այն հիմնարար կարողությունները, որոնց տիրապետումը պարտադիր է յուրաքանչյուր շրջանավարտի համար։ Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կարող է կրթական հաստատությունն ապացուցել, որ ուսանողը ոչ միայն գիտի, այլև տիրապետում է մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ կարողություններին։
Աշխատաժողովին մասնակցել են Գավառի, Կապանի բժշկական, Կոտայքի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջների ներկայացուցիչները։ Նրանք ներկայացրել են իրենց կրթական ծրագրերի քարտեզագրումները և ստացել հետադարձ կապ ՈԱԱԿ մասնագետներից։
Քննարկվել է կրթական ծրագրերի վերջնարդյունքների քարտեզագրման գործընթացը։ Ընդգծվել է, որ յուրաքանչյուր ծրագրի համար պետք է հստակ երևա, թե որ մոդուլներում են ձևավորվում և գնահատվում նախատեսված կարողությունները։ Նշվել է, որ քարտեզագրումն օգնում է կապել ծրագրի նպատակները, դասավանդումը և գնահատումը։
ՈԱԱԿ մասնագետներն ընդգծել են, որ քարտեզագրումը պետք է ներառի նաև վերջնարդյունքների ձեռքբերումը հավաստող ապացույցները։ Դրանք կարող են լինել ուսանողներին տրվող այն առանցքային առաջադրանքները, որոնք ցույց են տալիս, որ ուսանողը ձեռք է բերել անհրաժեշտ կարողությունները։
Քննարկվել է նաև կրթական ծրագրի ղեկավարների և դասախոսների պատասխանատվությունը վերջնարդյունքների ապահովման գործում։ Ընդգծվել է, որ նրանք պետք է կարողանան հիմնավորել, թե ինչպես են ուսանողները ձեռք բերում ծրագրով նախատեսված կարողությունները և ինչ ապացույցներ կան դրանց գնահատման վերաբերյալ։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին առաջարկվել է վերանայել իրենց քարտեզագրումները, առանձնացնել ծրագրի «կարմիր գծերը» և դրանք կապել համապատասխան գնահատման առաջադրանքների հետ։ Նշվել է նաև, որ քարտեզագրման արդյունքները պետք է արտացոլվեն ծրագրայի հավատարմագրման ինքնավերլուծության մեջ։
Ամփոփելով՝ ընդգծվել է, որ ծրագրային հավատարմագրման նպատակը վստահության ձևավորումն է առ այն, որ յուրաքանչյուր շրջանավարտ տիրապետում է մասնագիտության համար անհրաժեշտ նվազագույն կարողություններին, իսկ կրթական հաստատությունը կարող է հիմնավորել և ապացուցել դրանց ձեռքբերումը։