Նոյեմբերի 4-ին ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում կատարողականի առանցքային ցուցանիշների կիրառման մոտեցումները և գնահատման համապատասխան ձևաչափերը։
Քննարկումը շարունակել է Էրազմուս+ KPI4HE ծրագրի շրջանակում մշակված ցուցանիշները որակի արտաքին ապահովման գործընթացներում կիրառելու ուղղությամբ ՈԱԱԿ-ի աշխատանքները։ Նոյեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանում կայացած ծրագրի եզրափակիչ համաժողովում ներկայացվել էին ԿԱՑ-երի ազգային շրջանակը և դրա կիրառման հնարավորությունները՝ բարձրագույն կրթության կառավարման, ռազմավարական պլանավորման և որակի գնահատման գործընթացներում։
Հանձնաժողովի անդամների հետ քննարկման ընթացքում ԿԱՑ-երի կիրառությունը դիտարկվել է նաև բուհերի կատարողականի վրա հիմնված պետական կառավարման և ֆինանսավորման մոտեցումների զարգացման համատեքստում։ Կարևորվել է ցուցանիշների շարունակական և փուլային հաշվառումը, որը հնարավորություն կտա ժամանակի ընթացքում գնահատելու բուհերի առաջընթացը և արդյունքներով հիմնավորելու զարգացման առաջնահերթություններն ու ռեսուրսների բաշխման վերաբերյալ որոշումները։
Հավատարմագրման գործընթացում այս աշխատանքի առանցքը գործունեության նկարագրությունից դեպի ձեռք բերված արդյունքների վերաբերյալ հստակ մեթոդաբանությամբ տվյալների հավաքագրմանն անցումն է։ Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ կրթական վերջնարդյունքների ձեռքբերումը պետք է հիմնավորվի ուսանողների աշխատանքներով, գնահատման առաջադրանքներով և այլ հավաստի ապացույցներով։ ԿԱՑ-երն այս մոտեցման գործիքներից են՝ հնարավորություն տալով տվյալների վերլուծությունը համադրել փորձագիտական գնահատման հետ։
Քննարկման հիմնական հարցերն են եղել․
- ԿԱՑ-երի կապն ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների և դրանց կատարումը հիմնավորող ապացույցների հետ,
- ցուցանիշների հաշվարկման, մեկնաբանման և գնահատման մեթոդական պարզաբանումները,
- բուհերում տվյալների կանոնավոր հավաքագրման և հաշվառման համակարգերի զարգացումը,
- մշակված ձևաչափերի փորձարկումը և դրանց կիրառման փուլային կազմակերպումը,
- բուհերին տրամադրվող մեթոդական աջակցությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ցուցանիշների կիրառման իրագործելիությանը։ Նշվել է, որ անհրաժեշտ տվյալները պետք է հավաքագրվեն շարունակաբար՝ բուհի գործունեության ընթացքում։ Դրա համար անհրաժեշտ են հստակ մեթոդաբանություն, պատասխանատվությունների բաշխում և համապատասխան ռեսուրսներ։
ՈԱԱԿ-ը շարունակելու է ցուցանիշների և գնահատման ձևաչափերի կատարելագործման աշխատանքները՝ փորձարկման, քննարկումների և մեթոդական աջակցության միջոցով նպաստելով KPI4HE ծրագրի արդյունքների կիրառմանը և ինստիտուցիոնալ հավատարմագրման փաստահենք ու արդյունահենք մոտեցումների զարգացմանը։