Ծրագրային հավատարմագրումը գնահատում է ոչ թե ուսուցման գործընթացը, այլ այն, թե արդյոք կրթական ծրագիրը կարողանում է ապացուցել ուսանողի կողմից վերջնարդյունքների ձեռքբերումը։
Հուլիսի 3-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված ծրագրային հավատարմագրման փորձագիտական այցերի արդյունքների ամփոփմանը և գործընթացի հետագա բարելավման ուղղությունների մշակմանը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են իրականացված փորձագիտական այցերի արդյունքները, վերլուծվել արձանագրված հիմնական դիտարկումները և քննարկվել ծրագրային հավատարմագրման մեթոդաբանության զարգացման առաջնահերթությունները։
Քննարկումների առանցքում եղել է այն հարցը, թե ինչպես կարող է ծրագրային հավատարմագրումն առավել ամբողջական գնահատել կրթական ծրագրի արդյունավետությունը՝ կենտրոնանալով ուսանողի կողմից վերջնարդյունքների ձեռքբերման ապացույցների վրա։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջնարդյունահենք գնահատման մոտեցումների ամրապնդմանը, փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը և կրթական ծրագրերի կառավարման գնահատման տրամաբանության հստակեցմանը։
Քննարկումները կենտրոնացած էին ծրագրային հավատարմագրման մեթոդաբանության շարունակական զարգացման վրա՝ փորձագիտական խմբերի աշխատանքի կազմակերպումից և վերջնարդյունահենք գնահատման մոտեցումներից մինչև ուսանողների կարողությունների գնահատում, կրթական ծրագրերի կառավարում, փորձագիտական զեկույցների որակի և հետադարձ կապի մեխանիզմների կատարելագործում։
Ամփոփելով՝ ընդգծվեց, որ ծրագրային հավատարմագրման համակարգի կատարելագործումը պահանջում է փորձագիտական այցերի արդյունքների շարունակական վերլուծություն և դրանց հիման վրա մեթոդաբանության հետևողական զարգացում։ Այս նպատակով ձևավորված առաջարկությունները կուղղորդեն գնահատման մոտեցումների, փորձագիտական այցերի կազմակերպման, փորձագետների պատրաստման և գնահատման գործիքների հետագա բարելավմանը։