Ամփոփվում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի վերապատրաստման փուլը, որն իրականացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում ապրիլի 2-ին տեղի ունեցավ առցանց աշխատաժողով՝ ագրարային ոլորտի դասախոսների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր ամփոփել իրականացված աշխատանքները և գնահատել հետազոտական մոտեցման կիրառման արդյունքները դասավանդման գործընթացում, վեր հանել առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ներկայացնել հետագա քայլերը։
Աշխատաժողովի ընթացքում արձանագրվեց, որ դասախոսներն արդեն կիրառում են հետազոտական մոտեցումներ ուսումնական գործընթացում՝ հիմնվելով իրական գյուղատնտեսական խնդիրների վրա։ Ներկայացվեցին կոնկրետ օրինակներ՝ ոլորտային թեմաների շուրջ իրականացված հետազոտական աշխատանքներից։
Արդյունքում նկատվում է ուսանողների մոտիվացիայի և հետաքրքրվածության աճ, հատկապես այն դեպքերում, երբ նրանք ներգրավվում են իրական խնդիրների ուսումնասիրման գործընթացում և տեսնում իրենց աշխատանքի գործնական արդյունքները։
Դասախոսների ներկայացրած փորձը ցույց է տալիս, որ կիրառվում են կոնկրետ մեխանիզմներ, մասնավորապես՝
- հարցումների և դիտարկումների իրականացում իրական միջավայրում,
- տվյալների հավաքագրում և գրանցում կառուցվածքային ձևաչափերով,
- տարբեր արտադրական մոտեցումների համեմատական վերլուծություն,
- ուսանողների կողմից ինքնուրույն եզրակացությունների ձևակերպում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետազոտական հարցերի ճիշտ ձևակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք պետք է բխեն իրական իրավիճակներից և ուղղված լինեն խնդիրների ուսումնասիրությանը, այլ ոչ թե միայն տեսական գիտելիքների վերարտադրմանը։ Կարևորվել է նաև չափումների, հաշվարկների և փաստացի տվյալների հիման վրա եզրակացությունների կատարումը։
Ընդգծվել է, որ հետազոտական հմտությունները ձևավորվում են փուլային՝ պարզ դիտարկումներից անցում կատարելով դեպի ավելի բարդ մասնագիտական խնդիրների վերլուծություն։ Միաժամանակ կարևորվել է արտալսարանային աշխատանքի դերը, մասնավորապես՝ արտադրական պրակտիկայի ընթացքում տվյալների հավաքագրումն ու հետազոտական աշխատանքի շարունակականությունը։
Կարևորվել է նաև փորձի փոխանակումը և մեթոդի տարածումը դասախոսական կազմի շրջանում։ Նշվել է, որ ծրագրի մասնակից որոշ քոլեջներում արդեն իրականացվել են ներքին քննարկումներ և ներկայացումներ, և առկա է հետաքրքրություն մոտեցման կիրառման ընդլայնման նկատմամբ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործընթացը՝
- կատարելագործելով դասի պլանները և ներառելով հետազոտական բաղադրիչը,
- ապահովելով փորձի փոխանակում դասախոսների միջև,
- կազմակերպելով պարբերական հանդիպումներ՝ իրականացված աշխատանքների քննարկման նպատակով։
Ծրագրի այս փուլի և արձանագրված արդյունքների վերլուծության նպատակով ՈԱԱԿ-ն իրականացնում է արդյունավետության գնահատում՝ կիրառելով բազմամեթոդ մոտեցում։ Մասնավորապես, իրականացվում են հարցաշարեր ծրագրի մասնակիցների շրջանում, դասընթացավարների հետկազմակերպվում են ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես նաև հավաքագրվում են արձագանքներ ՄԿՈՒ հաստատություններից։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է աշխատաժողովների շարունակական անցկացում՝ մասնակիցների առաջընթացին հետևելու և նպատակային հետադարձ կապ ապահովելու համար։ Ուսումնական տարվա ավարտին նախատեսվում է ամփոփիչ համաժողով՝ ծրագրի արդյունքների ներկայացման և լավագույն փորձի տարածման նպատակով ՄԿՈՒ ոլորտի մյուս մասնագետների շրջանում։
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ հետազոտական մոտեցման կիրառումը նպաստում է ուսանողների վերլուծական, գործնական և խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը։ Չնայած առկա դժվարություններին՝ արձանագրվել է դրական առաջընթաց, և գործընթացի շարունակական զարգացումը կարող է էականորեն նպաստել մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը։