Մայիսի 6-ին Zoom հարթակում առցանց ձևաչափով կայացավ ծրագրային հավատարմագրմանն ուղղված աշխատաժողով՝ 2026 թվականին ծրագրային հավատարմագրման գործընթաց անցնող ուսումնական հաստատությունների համար։
Մեկնարկած աշխատաժողովների շարքի նպատակն է ՄԿՈՒ հաստատություններին ներկայացնել ծրագրային հավատարմագրման չափանիշները, դրանց մեկնաբանությունները, ինչպես նաև չափանիշների կիրառման գործնական մոտեցումները։
Առաջին հանդիպումը նվիրված էր կրթական ծրագրերի մշակմանը, դրանց կառուցվածքին, հիմքերին և այն մոտեցումներին, որոնց միջոցով ուսումնական հաստատությունները պետք է հիմնավորեն, որ կրթական ծրագիրը պլանավորված է այնպես, որպեսզի ապահովի արդյունավետ իրականացում և նպաստի ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորմանը։
Քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրին բժշկական քոլեջների կրթական ծրագրերի փորձը՝ անդրադառնալով գործնական ուսուցման կազմակերպմանը, բուժհաստատությունների հետ համագործակցությանը, գործատուների ներգրավվածությանը, ինչպես նաև ուսանողների կարողությունների գնահատման մեխանիզմներին։
Աշխատաժողովի ընթացքում ընդգծվեց, որ հավատարմագրման գործընթացներում անհրաժեշտ է խուսափել չափազանց ընդհանուր ձևակերպումներից և ներկայացնել կոնկրետ օրինակներ, մեթոդներ, գործնական մոտեցումներ և չափելի արդյունքներ։ Նշվեց, որ «մեր շրջանավարտները մրցունակ են» կամ «ունենք գործնական ուսուցում» ձևակերպումները բավարար չեն, եթե դրանք հիմնավորված չեն փաստերով, տվյալներով և վերլուծություններով։
Ծրագրային հավատարմագրմանն ուղղված աշխատաժողովների շարքը շարունակական է լինելու՝ անդրադառնալով ծրագրային հավատարմագրման չափանիշներին և դրանց կիրառման գործնական առանձնահատկություններին։