Կրթական ծրագրերի վերանայում, ուսանողների կարողությունների գնահատման նոր մոտեցումներ և որոշումների կայացում՝ տվյալների հիման վրա․ բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ հոկտեմբերի 19-ին քննարկվել են հավատարմագրման արդյունքում արձանագրված փոփոխությունները։
Տվյալահենք կառավարում․ փորձագիտական խորհրդատվություններից՝ կոնկրետ գործողություններ
Հավատարմագրման ընթացքում ստացված առաջարկությունները ներառվում են բուհերի բարելավման պլաններում և ռազմավարական ծրագրերում։ Դրանց կատարմանը հետևելու աշխատանքներում ներգրավվում են նաև գործատուներն ու շրջանավարտները։
Բուհերի ներկայացուցիչներն առանձնացրել են կառավարչական որոշումներում վերլուծությունների և փաստական տվյալների օգտագործման ընդլայնումը։ Ներկայացվել է նաև տվյալների հավաքագրման ու ամփոփման թվայնացման փորձը, որը հնարավորություն է տալիս ավելի արագ ստանալ գնահատման արդյունքներն ու արձագանքել բացահայտված խնդիրներին։
Կրթական ծրագրերի վերանայում․ հստակ վերջնարդյունքներ և գնահատման նոր մոտեցումներ
Հավատարմագրման ազդեցությամբ բուհերում հստակեցվել է, թե ինչ պետք է իմանա և կարողանա անել շրջանավարտը, ինչպես են դասընթացները նպաստում այդ կարողությունների ձևավորմանը, և ինչ գործիքներով պետք է գնահատվի դրանց ձեռքբերումը։
Մասնակիցները ներկայացրել են վերջնարդյունքների քարտեզագրման և գնահատման ռուբրիկների կիրառման փորձը։ Կրթական ծրագրերի խնդիրները բացահայտելու համար բուհերը սկսել կամ ընդլայնել են ներքին աուդիտը՝ ներգրավելով տեղացի և միջազգային անկախ փորձագետների։ Միաժամանակ գնահատման առանձին մեխանիզմներ դեռ մշակման կամ փորձարկման փուլում են։
Շահակիցների լայն շրջանակի մասնակցություն․ ուսանողների կարծիքից՝ տեսանելի փոփոխություններ
Որակի ապահովման աշխատանքներում ընդլայնվել է դասախոսների, տարբեր ստորաբաժանումների, ուսանողների և արտաքին շահակիցների մասնակցությունը։ Բուհերի ներկայացուցիչների գնահատմամբ՝ որակի ապահովումն աստիճանաբար դառնում է հաստատության շահակիցների համատեղ պատասխանատվությունը։
Ներկայացվել է նաև տվյալների վերլուծության հիման վրա բարելավման պլաններ կազմելու և դրանց կատարման մասին ուսանողներին տվյալներ ներկայացնելու փորձը։ Այս մոտեցմամբ ուսանողները տեսնում են, թե իրենց բարձրացրած հարցերից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել, որ խնդիրներն են լուծումներ ստացել։
Հաջորդ քայլը․ փաստել ուսանողի մասնագիտական պատրաստվածությունը
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ դեռ կան դժվարություններ՝ ապացուցելու ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ձեռքբերումը։ Նախորդ գնահատումներով արձանագրված որոշ խնդիրներ ևս պահպանվում են և պահանջում նպատակային աշխատանք։
Ռուբեն Թոփչյանը կարևորել է ուսանողի առաջընթացի գնահատումը՝ ուսումնառության սկզբից մինչև ավարտ։ Առաջադրանքները պետք է աստիճանաբար բարդանան, իսկ ավարտական գնահատումը հնարավորություն տա փաստելու շրջանավարտի՝ մասնագիտական խնդիրներ լուծելու կարողությունը։ Գնահատման արդյունքներն իրենց հերթին պետք է հիմք դառնան կրթական ծրագրի բարելավման համար։
Այս ուղղությամբ մասնակիցներն առաջարկել են շարունակել ՈԱԱԿ-ի և բուհերի գործնական հանդիպումները՝ կենտրոնանալով վերջնարդյունքների գնահատման, ծրագրերի աուդիտի և կոնկրետ խնդիրների լուծման գործիքների վրա։ Կարևորվել է այդ քննարկումներում ծրագրերի ղեկավարների, դասախոսների և փորձագետների անմիջական մասնակցությունը։