2026 թ. փետրվարի 24-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ առաջին աշխատանքային հանդիպումը ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր ներկայացնել ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների առանձնահատկությունները և նախապատրաստել հաստատություններին առաջիկա աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց հավատարմագրման կազմակերպման կարգը, ընթացակարգերը և մեթոդաբանական մոտեցումները։
Քննարկման ընթացքում նշվեց, որ ՄԿՈՒ մի շարք հաստատություններ ներկայում գտնվում են վերահավատարմագրման փուլում, իսկ մի մասն էլ առաջին անգամ է դիմում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման։ Այս հանդիպումը հատկապես կարևոր է նոր դիմող հաստատությունների համար, քանի որ նրանք դեռևս ծանոթ չեն գործընթացի փուլերին, պահանջներին և ընթացակարգերին։
Ընդգծվել է, որ ծրագրային հավատարմագրման համար ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարտադիր նախապայման է, և տվյալ փուլում ծրագրային հավատարմագրման դիմող բոլոր հաստատություններն արդեն ունեն գործող ինստիտուցիոնալ հավատարմագրում։
Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը գնահատում է հաստատության գործունեությունն ամբողջական համակարգի մակարդակում՝ 10 չափանիշների շրջանակում։ Վերլուծության առարկա են դառնում կառավարման մեխանիզմները, ռազմավարական պլանավորումը, կրթական միջավայրը, ռեսուրսները, ինչպես նաև որակի ապահովման համակարգը։ Վերահավատարմագրվող հաստատությունների դեպքում շեշտադրվում է արդյունակենտրոն մոտեցումը․ ներկայացնել նախորդ հավատարմագրումից հետո արձանագրված առաջընթացը, կատարված բարելավումները և դրանց չափելի արդյունքները։
Ծրագրային հավատարմագրումն ուղղված է կրթական ծրագրի որակի գնահատմանը և ունի առավել խորքային և պրակտիկ ուղղվածություն։ Գնահատման առանցքում ուսանողն է՝ նրա ուսումնառության արդյունքները և մասնագիտական կարողությունների ձևավորումը։ Ծրագրային հավատարմագրման նախորդ փորձը ցույց է տվել, որ ծրագրային մակարդակում հաճախ բացահայտվում են հետևյալ խնդիրները․
- ուսանողների գործնական պատրաստվածության անհամաչափ մակարդակ,
- դասավանդման մեթոդների ոչ բավարար հստակեցում,
- գնահատման մեխանիզմների ոչ բավարար հիմնավորվածություն։
Այս փուլում ձևավորվում է պատկերացում այն մասին, թե ինչ գիտելիքներ և հմտություններ են ուսանողներն իրականում ձեռք բերում և ինչպես են կիրառում մասնագիտական դաշտում։
Ընդգծվել է, որ ներկայում հավատարմագրման գործընթացում առաջնահերթ նշանակություն ունի տվյալների վրա հիմնված վերլուծությունը։ Բոլոր պնդումները պետք է հիմնավորվեն քանակական և որակական տվյալներով՝ հարցումների արդյունքներով, գնահատման ցուցանիշներով, քննությունների և պրակտիկայի տվյալներով, համեմատական վերլուծություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաստատությունների որակի ապահովման ստորաբաժանումների գործունեությանը։ Նշելով, որ արդյունավետ գործող որակի ապահովման համակարգը և իրականացված հարցումների արդյունքները պետք է դառնան ինքնավերլուծության հիմնարար բաղադրիչ։
Հավատարմագրման գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով նախատեսվում են 3–4-օրյա աշխատաժողովներ և հանդիպումներ։ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումների համար վերապատրաստումները կկազմակերպվեն առանձին՝ հաշվի առնելով բովանդակային և մեթոդաբանական տարբերությունները։ Նախատեսվում են նաև լրացուցիչ խորհրդատվական հանդիպումներ՝ ընթացիկ հարցերի քննարկման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։