Մարտի 12-13-ին ՈԱԱԿ մասնագետները թեմատիկ վերապատրաստում իրականացրին 2026թ․ ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլում գտնվող ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների համար։
Վերապատրաստմանը մասնակցած մասնագետները հետագայում կընդգրկվեն իրենց հաստատությունների ինքնավերլուծություն իրականացնող խմբերում՝ հավատարմագրման 10 չափանիշների շրջանակում վերլուծելու ուսումնական հաստատությունների գործունեությունը։
Երկօրյա վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին․
- հավատարմագրման գործընթացի փուլերը, ընթացակարգերը,
- ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները,
- ինքնավերլուծության ձևաչափը և իրականացման առանձնահատկությունները,
- ՄԿՈՒ հաստատության գործունեության վերլուծության հիմնական սկզբունքները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հավատարմագրման 3, 5, 7 չափանիշների բովանդակությանը և դրանց վերլուծության մեթոդաբանությանը։
ՈԱԱԿ մասնագետները շեշտեցին, որ ինքնավերլուծությունը պետք է․
- հիմնված լինի փաստերի և տվյալների վրա,
- ունենա վերլուծական բնույթ,
- ներկայացնի կառավարման արդյունավետությունը, հաստատության առանձնահատկությունները, հաջողված փորձը և զարգացման դինամիկան։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց, թե յուրաքանչյուր չափանիշի շրջանակում ինչ տվյալներ պետք է հավաքագրվեն և ինչ քայլեր պետք է իրականացվեն ինքնավերլուծության պատրաստման համար։
Վերահավատարմագրվող հաստատությունների համար կարևորվեց նաև նախորդ հավատարմագրման արդյունքներով իրականացված բարելավումների ներկայացումը և առկա մարտահրավերների վերլուծությունը։
Վերահավատարմագրվող քոլեջների ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով երկրորդ անգամ ինքնավերլուծություն գրելու առանձնահատկությունները և առաջացած դժվարությունները, ինչը նպաստեց մասնագիտական քննարկումների ձևավորմանը։
Վերապատրաստման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները պատասխանեցին մասնակիցների հարցերին և տեղեկացրին, որ նախատեսվում են ևս երկու վերապատրաստումներ՝ հավատարմագրման գործընթացին առավել արդյունավետ պատրաստվելու նպատակով։
Նշենք, որ հավատարմագրումը շարունակական գործընթաց է, որի նպատակն է ապահովել կրթության որակի կայուն զարգացումը և հաստատությունների արդյունավետ գործունեությունը։