Սեպտեմբերի 24-ին «Էրազմուս+» eCAMPUS ծրագրի շրջանակում տեղի ունեցավ առցանց աշխատաժողով՝ նվիրված թվային ուսուցման հարթակների և «խելացի» լսարանների զարգացման եվրոպական փորձի ուսումնասիրությանը և ՀՀ բուհերի համար համապատասխան չափորոշիչների ձևավորմանը։ Աշխատաժողովը համակարգում էր ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։
Աշխատաժողովը կազմակերպվել է Էրազմուս+ eCAMPUS ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթի (WP4) շրջանակում։ Նպատակ է եվրոպական գործընկերների փորձը համադրել Հայաստանի բուհերի ներկայիս կարիքների հետ և առանձնացնել այն հիմնական չափանիշներն ու ցուցիչները, որոնք կարող են հիմք ծառայել արդյունավետ էլեկտրոնային ուսուցման հարթակների և ժամանակակից թվային ուսումնական միջավայրերի զարգացման համար։
Աշխատաժողովի ընթացքում եվրոպական գործընկերները ներկայացրին թվային կրթական էկոհամակարգերի և ապագային միտված ուսումնական միջավայրերի զարգացման իրենց փորձը։ Քննարկվեց նաև «խելացի» լսարանի ժամանակակից ընկալումը՝ ընդգծելով, որ այն չի սահմանափակվում միայն տեխնիկական սարքավորումներով։ Անդրադարձ կատարվեց մուլտիմեդիա գործիքների կիրառմանը, գնահատման մոտեցումներին, ներառականությանը և արհեստական բանականության հնարավորությունների կիրառմանը կրթական գործընթացում։
Հայաստանի գործընկեր բուհերը ներկայացրին իրենց փորձը՝ կիրառվող էլեկտրոնային ուսուցման հարթակները, «խելացի» լսարանների հնարավորությունները, առկա կարիքներն ու բացերը։ Ներկայացումներով հանդես եկան Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները։
Քննարկումների առանցքում էր այն հարցը, թե ինչպես առանձին թվային գործիքների կիրառումից անցում կատարել միասնական և փոխկապակցված թվային ուսուցման էկոհամակարգի ձևավորմանը։ Անդրադարձ կատարվեց նաև այն հիմնական պահանջներին, որոնց պետք է համապատասխանեն արդյունավետ էլեկտրոնային ուսուցման հարթակներն ու «խելացի» լսարանները։
Եվրոպական և հայաստանյան գործընկերները քննարկեցին մշակվող չափորոշիչների հիմնական ուղղությունները՝ տարբերակելով անհրաժեշտ և առավել առաջադեմ բաղադրիչները։ Դիտարկվեց նաև, թե եվրոպական համալսարանների փորձից ինչ լուծումներ կարող են կիրառելի լինել Հայաստանի բուհերի համար, ինչ մոտեցումներ են վերանայվել դրանց ներդրման ընթացքում և ինչ խնդիրներից կարելի է խուսափել նոր համակարգերի ձևավորման ժամանակ։
Քննարկումների ընթացքում ընդգծվեց, որ թվային ուսուցման միջավայրերի զարգացումը չի սահմանափակվում միայն նոր տեխնոլոգիական լուծումների ներդրմամբ։ Կարևոր է նաև գործող համակարգերի փոխկապակցված կիրառումը և դրանց ինտեգրումը կրթական գործընթացում։ Մշակվող չափորոշիչները նախատեսվում է ուղղել ոչ միայն տեխնիկական պահանջների սահմանմանը, այլև կրթության որակի, հասանելիության, ներառականության, արդյունավետ գնահատման և ուսանողակենտրոն ուսուցման ապահովմանը։
Աշխատաժողովի ավարտին ամփոփվեցին քննարկումների արդյունքները և նախանշվեցին թվային ուսուցման հարթակների ու «խելացի» լսարանների չափորոշիչների հետագա մշակման հիմնական ուղղությունները։
Էրազմուս+ eCAMPUS ծրագիրը միտված է Հայաստանի բուհերում թվային ուսուցման և ուսումնառության որակի զարգացմանը՝ նպաստելով թվային կարողությունների ձևավորմանը, ժամանակակից ուսումնական միջավայրերի զարգացմանը և թվային կրթության որակի ապահովման մոտեցումների ներդրմանը։