Ապրիլի 29-ին մեկնարկեց Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում կազմակերպվող աշխատաժողովների շարքը, որին մասնակցում են գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների որակի ապահովման ներքին խմբերը։
Աշխատաժողովների նպատակն է աջակցել հաստատություններին կրթական ծրագրերի գնահատման և շարունակական բարելավման գործընթացներում՝ հիմնվելով ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վրա և խթանելով համակարգված որակի ապահովման մշակույթի զարգացումը։
Առաջին հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերին առնչվող չափորոշիչները, ինչպես նաև կանաչ և թվային կարողությունների ինտեգրման հնարավորությունները։ Մասնակիցները ներկայացրին իրենց փորձը՝ նշելով, որ ՄԿՈՒ հաստատություններում արդեն իրականացվում են կրթական ծրագրերի վերանայման և բարելավմանն ուղղված աշխատանքներ՝ հիմնված տարբեր շահակիցների հետադարձ կապի, գործատուների պահանջների և ուսանողների պրակտիկայի արդյունքների վրա։
Քննարկումների ընթացքում ընդգծվեց տվյալների համակարգային հավաքագրման և վերլուծության կարևորությունը՝ հիմնավորված փոփոխություններ իրականացնելու համար։ Նշվեց նաև, որ ծրագրերի բարելավումը պետք է իրականացվի ինստիտուցիոնալ մակարդակով՝ ապահովելով տարբեր ստորաբաժանումների և կրթական ծրագրերի համահավասար զարգացումը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց գործատուների ներգրավվածությանը, ինչպես նաև դասավանդման և գնահատման մեթոդների համապատասխանությանը կրթական ծրագրերի վերջնարդյունքներին։
Ծրագրի նպատակն է գործընկեր քոլեջների հետ փուլ առ փուլ աշխատել՝ ապահովելով, որ նրանք վերլուծություններ իրականացնելու հմտությունները զարգացնեն գործնական աշխատանքի միջոցով։ Հաջորդ հանդիպման ընթացքում կներկայացվի SWOT վերլուծությունը՝ հիմնված հստակ տվյալների վրա, որից հետո քոլեջները կիրականացնեն իրենց վերլուծությունները և կստանան հետադարձ կապ։