Մայիսի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել «Եվրասիա» միջազգային համալսարանում։
Մշտադիտարկումն իրականացվել է հավատարմագրումից հետո բուհում շարունակական բարելավման գործընթացների դիտարկման նպատակով։ Այցի առանցքում էր այն հարցը, թե բուհում իրականացվող փոփոխություններն ինչպես են արտացոլվում կրթական ծրագրերի իրականացման, դասավանդման, գնահատման և ուսանողների ուսումնառության փորձառության վրա։
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել համալսարանի ղեկավար կազմի, որակի ապահովման կենտրոնի ներկայացուցչի, ներքին աուդիտի ենթարկված կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Քննարկումների հիմնական շեշտադրումը կրթական ծրագրերի արդյունավետության գնահատումն էր՝ ուսանողների կողմից ծրագրերի վերջնարդյունքների և մասնագիտական կարողությունների ձեռքբերման տեսանկյունից։ Կարևորվել է կրթական ծրագիրը դիտարկել որպես ուսանողի կարողությունների ձևավորման ամբողջական ճանապարհ, որտեղ տեսանելի է՝ որ վերջնարդյունքն ինչպես է ձևավորվում, ինչ առաջադրանքներով է ստուգվում և ինչ չափանիշներով է գնահատվում։
Առանձին անդրադարձ է կատարվել ՄԿԾ քարտեզագրման դերին՝ կրթական ծրագրերի արդյունավետության գնահատման գործում։ Քարտեզագրումը քննարկվել է որպես վերլուծական գործիք, որը հնարավորություն է տալիս տեսնելու յուրաքանչյուր դասընթացի ներդրումն ուսանողի մասնագիտական կարողությունների ձևավորման մեջ, դասընթացների փոխկապակցվածությունը և անցումն առանձին դասընթացներից դեպի ծրագրերի վերջնարդյունքների ձեռքբերում։
Այս համատեքստում կարևորվել է, որ քարտեզագրումը դառնա դասախոսների միջև համաձայնեցված աշխատանքային գործիք։ Այն օգնում է, որ յուրաքանչյուր դասախոս տեսնի իր դասընթացի տեղը կրթական ծրագրում, կապը մյուս դասընթացների հետ և ներդրումն ուսանողի վերջնական մասնագիտական կարողությունների ձևավորման մեջ։ Այս մոտեցմամբ կրթական ծրագիրը դառնում է ուսանողի կարողությունների աստիճանական ձևավորման միասնական համակարգ։
Քննարկվել է նաև կրթական ծրագրի պատասխանատվության հստակեցման հարցը։ Շեշտադրվել է ծրագրի պատասխանատուի դերակատարությունը՝ կրթական ծրագրի ամբողջական արդյունքը տեսանելի դարձնելու, դասընթացների փոխկապակցվածությունը հետևելու, գնահատման չափանիշների կիրառումը դիտարկելու և հետադարձ կապը ծրագրի բարելավման որոշումների վերածելու տեսանկյունից։
Մշտադիտարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթական ծրագրերի ներքին աուդիտի մեխանիզմներին։ Կարևորվել է աուդիտի ընթացքում տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրումը՝ ուսանողների և դասախոսների հետադարձ կապ, արտաքին փորձագիտական դիտարկումներ, ուսանողների աշխատանքներ, գնահատման չափանիշներ, պրակտիկայի արդյունքներ և ավարտական աշխատանքներ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս դիտարկել կրթական ծրագրի իրականացումն ուսանողի ուսումնառության իրական ընթացքի և արդյունքների հիման վրա։
Առանձին շեշտադրում է կատարվել տվյալների հավաքագրման և նպատակային կիրառման վրա։ Քննարկվել է, որ բուհում կիրառվող LMS համակարգի միջոցով ձևավորվող տվյալները կարող են հիմք դառնալ կրթական ծրագրերի բարելավման համար, երբ հստակեցված են դրանց հավաքագրման նպատակները, վերլուծության ուղղությունները և որոշումների կայացման մեջ կիրառման մեխանիզմները։ Կարևորվել է տվյալների օգտագործումը՝ ուսանողների ուսումնառության արդյունքները դիտարկելու և կրթական ծրագրերի բարելավումը հիմնավորելու համար։
Քննարկումների ընթացքում կարևորվել է նաև ժամանակակից թվային գործիքների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառման կապը կրթական ծրագրերի վերջնարդյունքների հետ։ Շեշտադրվել է թվային գործիքների կիրառումն ուսանողի մասնագիտական մտածողության, ինքնուրույն աշխատանքի, ակադեմիական ազնվության և գնահատման հստակ չափանիշների հետ կապելու անհրաժեշտությունը։
Մշտադիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ կրթական ծրագրերի շարունակական բարելավման համար առանցքային են ՄԿԾ քարտեզագրման վերլուծական կիրառումը, ծրագրային պատասխանատվության հստակեցումը, ներքին աուդիտի խորացումը, տվյալահենք կառավարումը և ուսանողի կարողությունների գնահատման մեխանիզմների զարգացումը։ Այս ուղղությունները նպաստում են բուհում ներքին որակի մշակույթի ամրապնդմանը և կրթության որակի շարունակական ապահովմանը։