Սեպտեմբերի 30-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի՝ CEENQA-ի առցանց հանդիպմանը։
Հանդիպման առանցքում էին որակի արտաքին ապահովման գործընթացներում արհեստական բանականության պատասխանատու կիրառումը և գնահատման տարբեր փուլերում փորձագետների, ուսանողների և այլ շահակիցների ներգրավումը։
Էստոնիայի կրթության որակի գործակալության՝ HAKA-ի ներկայացուցիչ Ալեքսանդրա Դոլգոպոլովան ներկայացրել է որակի արտաքին ապահովման գործընթացներում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ փորձագետների դիտարկումները՝ անդրադառնալով դրա պատասխանատու օգտագործման հարցերին։
Քննարկվել են նաև որակի ապահովման ամբողջ շրջափուլում փորձագետների, ուսանողների և դիտորդների ներգրավման մոտեցումները՝ շեշտադրելով, թե ինչպես կարող է շահակիցների մասնակցությունը նպաստել գործընթացների բարելավմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև CEENQA-ի խորհրդի անդամների հաշվետվությունները և ցանցի նոր անդամի՝ Ուզբեկստանի NQAAE գործակալության գործունեությունը։
ՈԱԱԿ-ի մասնակցությունը ցանցի պարբերական հանդիպումներին նպաստում է միջազգային փորձի փոխանակմանը և որակի ապահովման գործընթացների զարգացմանն ուղղված մոտեցումների ուսումնասիրությանը։