2026թ․ մայիսի 20-ին կայացավ Ակադեմիական ազնվության գլոբալ ցանցի (GAIN) միջազգային համագործակցային հարթակի 16-րդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության որակի ապահովման և ակադեմիական ազնվությանն առնչվող մի շարք հարցեր։
Կրթության որակի ապահովման կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը մասնակցել է նաև ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Հանդիպումը վարել է Միացյալ Թագավորության Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության (QAA) որակի և չափանիշների ղեկավար Էնդի Սմիթը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մեծ Բրիտանիայում ակադեմիական ազնվության սկզբունքների կիրառման ազդեցությունը ինստիտուցիոնալ մակարդակում։ Թեմայի շրջանակում ներկայացմամբ հանդես են եկել QAA-ի ներկայացուցիչներ Նիք Ուոթմոուն և Սայմոն Բալոքը, ինչպես նաև Ուորվիքի համալսարանի ներկայացուցիչ Ինչարա Ատրեյան։
Անդրադարձ է կատարվել նաև ամբողջությամբ առցանց իրականացվող հավատարմագրված կրթական ծրագրերում վերջնարդյունքների հավաստման մեխանիզմներին։ Թեմայի վերաբերյալ ներկայացմամբ հանդես է եկել Կյուրթին համալսարանի պրոֆեսոր Մոլլի Դոլինգերը՝ անդրադառնալով առցանց կրթական միջավայրում վերջնարդյունքների գնահատման և որակի ապահովման մոտեցումներին։