Հունվարի 22-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ Էրազմուս+ QA4VET ծրագրի հայաստանյան շահակիցների աշխատանքային հանդիպումը։ Աշխատաժողովին մասնակցում էին ՈԱԱԿ-ի, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ի, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին QA4VET ծրագրի շրջանակներում ազգային շահակիցների առաջիկա գործողությունները և ժամանակացույցը։ Կարևորվեց, որ ծրագրի շրջանակներում ստացված արդյունքները նպաստեն ոչ միայն շահակից ՄԿՈւ հաստատությունների, այլ ողջ միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացմանը։
QA4VET ծրագիրը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում՝ մշակելով և իրականացնելով փորձնական հավատարմագրման ընթացակարգեր և գործիքներ, որոնք կաջակցեն որակի ապահովմանը ՄԿՈւ հաստատություններում և կրթության որակի մշակույթի ձևավորմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերլուծել եվրոպական փորձը, կատարելագործել հայաստանյան մասնագետների կարողությունները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ՄԿՈւ հաստատություններում որակի շարունակական բարելավման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանաչ և թվային ուղղվածությանը։
QA4VET (Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում) նախագծի համակարգողն է Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP)։ Հայաստանից ներգրավված են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։ Նախագծում ներգրավված է նաև գործընկեր հաստատություն Գերմանիայից՝ «ԻՆՎՈԼԱՍ» մասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը։