«Ուսանողության ձայն» ծրագրի շրջանակում ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացի հերթական հանդիպումը, որին մասնակցել են բժշկության և ֆարմացիայի ուղղություններով սովորող ուսանողներ։
Դասընթացի ընթացքում մասնակիցներն առաջադրանքների միջոցով քննարկել են, թե հավատարմագրման շրջանակում ինչպես կարելի է ուսումնասիրել կրթական ծրագրով նախատեսված և ուսանողների կողմից իրականում ձեռք բերվող կարողությունների միջև կապը։ Անդրադարձ է կատարվել մասնագիտական և գործնական կարողությունների ձևավորմանը, դրանց գնահատմանը և ուսանողի փորձառության հիման վրա համապատասխան հարցերի մշակմանը։
Քննարկումների ընթացքում ուսանող-փորձագետները դիտարկել են, թե ինչ հարցեր կարող են ուղղել ուսանողներին՝ հասկանալու, թե ինչպես են կազմակերպվում գործնական պարապմունքները, ինչպիսի առաջադրանքներ են կատարում ուսանողները, որքանով են դրանք մոտ իրական մասնագիտական իրավիճակներին և ինչպես է գնահատվում նրանց պատրաստվածությունը։
Գործնական հատվածում հավատարմագրման գործընթացների համակարգողների մասնակցությամբ իրականացվել է փորձագիտական այցը մոդելավորող դերային խաղ։ Ուսանողները հանդես են եկել փորձագիտական խմբի անդամների, իսկ ՈԱԱԿ-ի մասնագետները՝ պայմանական ուսումնական հաստատության ուսանողների դերում։
Դերային խաղի ընթացքում ուսանող-փորձագետները վարել են փորձագիտական հանդիպում, ձևակերպել պատասխաններից բխող լրացուցիչ հարցեր և փորձել առանձնացնել կրթական ծրագրի գնահատման համար կարևոր տեղեկությունները։ Առաջադրանքը հնարավորություն է տվել գործնականում դիտարկել հարցերի հաջորդականությունը, ակտիվ լսելու կարևորությունը և ընդհանրական պատասխաններից կոնկրետ փաստերի բացահայտման ուղիները։
Հանդիպման ավարտին հավատարմագրման գործընթացների համակարգողների հետ քննարկվել են բժշկության և ֆարմացիայի ուղղություններով կրթական ծրագրեր իրականացնող բուհերում գործնական կարողությունների զարգացմանն առնչվող խնդիրները։ Մասնակիցներն անդրադարձել են գործատուների ակնկալիքների և ծրագրի վերջնարդյունքների կապին, պրակտիկաների կազմակերպմանն ու գնահատմանը, ինչպես նաև ուսանողներին տրվող առաջադրանքների համապատասխանությանը նախատեսված մասնագիտական կարողություններին։
Քննարկվել է նաև, թե փորձագիտական ուսումնասիրության ընթացքում ինչ հարցերի և փաստերի միջոցով կարելի է պարզել՝ որքանով են ուսանողները գործնականում ձեռք բերում կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքները և պատրաստվում մասնագիտական գործունեությանը։